16 Հունվար 2014, 12:48
1811 |

Պատուհան դեպի աշխարհ

Հունվարի 15-ին «Թեքեյան» կենտրոնում բացվեց «Պատուհան դեպի աշխարհ» ֆոտոցուցահանդեսը, որին մասնակցեց քառասունից ավելի լուսանկարիչ ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ավստրալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Նիդերլանդներից ու Հայաստանից:

Ֆոտոցուցահանդեսը կազմակերպել էին «PhotoPodium.com» պորտալը, Հայաստանի Հանրապետությունում Ռուս համագործակցության ներկայացուցչությունն ու «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը: Հայաստանում Ռուս համագործակցության ներկայացուցիչ Մարկ Կալինինն ասաց, որ ցուցահանդեսն ունի գլխավոր նպատակ՝ ծանոթացնել հայ հասարակությունը հայտնի ու տաղանդավոր այն լուսանկարիչների հետ, որոնց գործերը երբեք չէին ներկայացվել Հայաստանում: «Լուսանկարչությունը մերձեցման միջոց է, պատուհան, որ հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել սեփական երկրից դուրս գտնվող աշխարհը, այլև տեսնել այն այլոց աչքերով: Երևանյան ցուցադրություններից հետո ցուցահանդեսը կսկսի շրջագայել Հայաստանի մյուս քաղաքներում», - ասաց նա:

Մասնակիցների մեջ կային թե՛ ճանաչված լուսանկարիչներ, թե՛ տաղանդավոր սկսնակներ, որոնք արդեն հասցրել են անուն հանել տարբեր ամսագրերի ու համացանցային պարբերականների էջերում: Ցուցահանդեսը խայտում էր տարատեսակ ոճերի ու ժանրերի բազմազանությամբ: Այնտեղ էին, ի շարս այլոց, Օլգա Մալեևյայի «Պատուհաններ» մինիմալիստական շարքը (Ռուսաստան) ու անվանի Վիկտոր Դանիլովի «աղմկոտ» Թայմս սքվերը (ԱՄՆ): Միով բանիվ՝ «Թեքեյան» կենտրոնի մեծ սրահում յուրաքանչյուր այցելու կգտնի իր ոճի լուսանկար: Ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 15-ը:

Այս թեմայով