14 Հունվար 2014, 12:44
1506 |

Կոմպոզիտորի անկեղծ խոստովանությունը

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի հրավերով Երևանում գտնվող լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը։ Հիմքեր ունի. հորական Եվգենյա տատը հայուհի է։ Գաղթել է Սպահանից, դեգերումների ճանապարհով հասել Լեհաստան ու հաստատվել այնտեղ։ Կոմպոզիտորը հիշում է ամեն կիրակի Կրակովի հայկական եկեղեցի այցելող իր տատիկին, որը նրան պատմել է 18-րդ դարում Լեհաստան ներգաղթած հայերի մասին։ Տատի հայկական ընտանիքը միառժամանակ ապրել է նաև Ղազախստանի Կարագանդա քաղաքում։ Իր գերդաստանի պատմության այդ էջին հարգանքի տուրք մատուցելու նպատակով մի քանի տարի առաջ Քշիշտոֆ Պենդերեցկին համերգներով շրջագայել է Կարագանդայում։

Պենդերեցկին իր հայկական ծագման մասին ասում է, որ հայ լինելն արյան հետ փոխանցվում է. ինքն ամեն վայրկյան զգում է իր ազգային պատկանելությունը և հպարտ է դրանով։

Պենդերեցկին հայկական թեմայով կվարտետ է գրել, իսկ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ պատրաստվում է մոնումենտալ ստեղծագործություն գրել երգչախմբի համար։ Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում եղել է նաև 2008, 2009-ին։ Վստահեցնում է, որ հայ երաժիշտները կատարողական բարձր մակարդակ ու վարպետություն ունեն։ Նրա կարծիքով' իր ստեղծագործություններն աշխարհի շատ երգչախմբեր են կատարել, բայց ոչ մեկը «Հովերի» նման նուրբ, զգայուն ու հզոր կերպով չի մատուցել դրանք։

Այս թեմայով