30 Դեկտեմբեր 2013, 11:54
1264 |

Տարեվերջի հատուկ հյուրերը

Հենց նրանց համար «Մարիոթ» հյուրանոցների ցանցի աշխատակազմը տոնական ճաշկերույթ ու զվարճալի ժամանց է կազմակերպում ամեն տարի: Երևանյան «Մարիոթ»-ում նմանատիպ հանդիպումներն արդեն ավանդական են: Այս տարի, առաջին անգամ նրանց միացավ Ծաղկաձորի «Մարիոթը»: Տարեվերջին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրը հյուրընկալել էր Հրազդանի համար 11 դպրոցի 22 աշակերտի: Դպրոցը մյուսներից առանձնանում է իր հատուկ նշանակությամբ. այստեղ ուսանում են մտավոր թերություններ ունեցող երեխաները:

Հյուրանոցի շքեղ ճաշասրահում զարմացած ու ոգևորված աչուկներով երեխաներին սպասվում էր տոնական ճաշը: Մինչև սեղան նստելը, մանուկները գոհաբանության աղոթք արեցին: Իսկ ճաշից հետո սպասվում էր անակնկալների առաջին չափաբաժինը: Քաղցրաբլիթներով ու գույնզգույն կոնֆետներով զարդարված սեղանն ամենևին էլ ճաշի աղանդերային շարունակությունը չէր: Տոնածառի, կախարդական տնակի ու ամանորի զանազան ատրիբուտների տեսքով թխվածքաբլիթներն առաջին հերթին նախատեսված էին կոնֆետներով ու քաղցր կրեմով զարդարվելու համար: Եվ այդ հետաքրքիր առաջադրանքը երեխաները հաճույքով կատարեցին:

Առողջական խնդիրների պատճառով հասարակությունից դուրս մնացած այս մանուկների երևակայությունը ապշեցուցիչ էր. շականակագույն թխվածքաբլիթները կամաց-կամաց սկսեցին գունավորվել՝ կրեմի ավելացող ամեն շերտի հետ երևակայությունն ավելի հեռու էր թռչում: Մինչև արմունկները քաղցր կրեմի մեջ թաթախված՝ վառվռուն աչուկներով մանուկներին oգնության էր հասնում հյուրանոցի անձնակազմը: Տնoրեն Կարինե Հակոբյանի խոսքերով, դպրոցը պատահական չի ընտրվել: «Հատուկ ուշադրության արժանի երեխաների հանդեպ ուշադրությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է: «Մարիոթ»-ը՝ հատկապես նախատոնական այս օրերին, չափազանց կարևորում է խոցելի խմբին որևէ աջակցություն ցուցաբերելը»:

Երեխաների համար հանդիպումը երկարատև ընկերության վերածելու նպատակով հանդիպումից շուրջ մեկ ամիս առաջ հյուրանոցի անձնակազմը խաղալիքներ ու նվերներ էր հավաքել: Նրանց էին միացել նաև քաղցրավենիք արտադրող կազմակերպությունները: Մանուկները դպրոց վերադարձան խաղալիքներով ու անուշեղենով բեռնված, յուրաքանչյուր իր հետ տարավ նաև իր ձեռքով ձևավորած թխվածքաբլիթները:

Այս թեմայով