24 Դեկտեմբեր 2013, 19:08
2243 |

Առաջին մենահամերգը

Հոգեբանները միաբերան պնդում են՝  համակարգչացումը հանգեցնում է մարդու մեկուսացմանը: Այս խնդիրն առավել նկատելի է պատանիների ու դեռահասների շրջանում: Հայաստանի ամենատեխնոլոգիական կենտրոնը՝ Թումոն, այս խնդրին արմատապես է մոտեցել: Շուրջ մեկ տարի է, ինչ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում գործում է նմանը չունեցող երգչախումբ՝ «Թմբա-Թա» անունով: Այն իր բնույթով միանգամից առանձնացավ հայկական երաժշտական խմբերի մեջ: Առաջին հերթին, ինչպես խմբի մասնակիցներն են նշում, յուրահատկությունը նրանում է, որ խումբը ձևավորվել է ոչ պրոֆեսիոնալ երաժիշտներից: Տեխնոլոգիական կենտրոնի պատանի երաժշտասերների ու «Բամբիռ» ռոք խմբի անդամ Արիկ Գրիգորյանի համագործակցությունը սկսվեց շուրջ մեկ տարի առաջ՝ երաժշտական փոքրիկ դասընթացից:

«Թմբա-Թա»-ն իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել էր աչքի ընկնել կենտրոնի միջոցառումների ժամանակ: Յուրօրինակ երգացանկում կան  ժողովրդական, էլեկտրոնային և ռոք երգերի միքսեր, որոնք կարճ ժամանակում սիրվեցին ոչ միայն պատանի ունկնդիրների, այլև մեծահասակների կողմից: Ու հետզհետե խումբը սկսեց ընդլայնել իր գործունեությունը:

Դեկտեմբերի 23-ին «Թմբա-Թան» թնդացրեց Stop ակումբի բեմը: Խմբի առաջին մենահամերգը կատարված աշխատանքների յուրատեսակ հաշվետվություն էր: Ու ավանդաբար այնտեղ, որտեղ ելույթ են ունենում պատանիները, ասեղ գցելու տեղ չի լինում: Ծնողներից, դասընկերներից ու պատանի երկրպագուներից բացի, համերգն ունկնդրելու էին եկել նաև մարդիկ, ովքեր առաջին անգամ էին լսում այս պատանեկան երգչախմբի մասին:

Շնորհալի պատանիների կարճատև աշխատանքի արդյունքները շուտով կամփոփվեն «Թմբա-Թա» խմբի առաջին ձայնասկավառակում: Մի քանի սինգլներ արդեն համացանցում են: Պատանիներն ականջալուր կլինեն, ու կփորձեն կատարելագործվել: Հենց այս տարբերակով էլ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը միացավ խմբի գործունեությանը: «Թմբա-Թա»-յական երգերը լսելուց զատ երաժիշտը պարբերաբար տեսազանգերի միջոցով տարբեր խորհուրդներ էր տալիս պատանիներին:

Խմբի երգացանկը իրենց պատանիների նման հետաքրքիր ու յուրօրինակ է: «Պստիկ պապան», «Թմբա-Թա», «Էծը առի» կատարումներն ավելի շատ կատակ-երգերի են նմանվում, սակայն որակային առումով դրանք չեն զիջում ավելի լուրջ երաժշտական ստեղծագործություններին:

Այս թեմայով