23 Դեկտեմբեր 2013, 15:16
2639 |

Արվեստի նոր օրրանը

«ԱԱ աուկցիոնն» ու www.hi-artonline.com նախագիծը՝ տնօրեն Աննա Գրիգորյանի գլխավորությամբ և պատկերասրահի տնօրեն Վահագն Գրիգորյանի հետ համատեղ նախաձեռնեցին իրենց հավաքածուների ցուցադրությունը: Այն պարբերաբար կփոփոխվի: Պատկերասրահի տարածքը կծառայի ոչ միայն ցուցահանդեսների, այլև զանազան այլ արվեստային նախագծերի ու միջոցառումների համար:

Ցուցադրվող արվեստագետների ցուցակը խոստումնալից է՝ Եղիշե Թադևոսյանի հանրահայտ փոքրիկ բնանկարները, հայկական զարդանախշերի, եկեղեցական ու պալատական արտաքին հարդարանքի էլեմենտների եզակի էսքիզներ, առանձին սրահ՝ նվիրված թշվառության երգիչ Ժանսեմի նրբագեղ աշխատանքներին: Իսկ երկրորդ հարկում արվեստասերներին սպասում են ժամանակակից արվեստի հայտնի ու անհայտ հեղինակների գործերը՝ սկսած Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանից, Երվանդ Քոչարից ու Մեծ եղեռնից մազապուրծ եղած սյուրռեալիստ Լեոն Թութունջյանից, շարունակելով 70-ականների հեղինակներ Վարուժան Վարդանյանով ու Վրույր Գալստյանով և վերջացրած մեր կողքին ստեղծագործող աբստրակցիոնիստներ Խաչատուր Մարտիրոսյանով, Գարիկ Կարապետյանով ու քանդակագործ Աշոտ Հարությունյանով:

Պատկերասրահի տարածքն ինքնին այնպիսին է, որ մի կողմից տրամադրում է կենտրոնանալու արվեստի մեկ գործի վրա, բայց մյուս կողմից էլ այնքան հոսուն է, որ դիտողին ստիպում է շարժվել մի սրահից մյուսը: Վեր ու վար տանող աստիճանները, ոչ ստանդարտ սրահները, երկրորդ հարկի սրահների կարմիր պատերը կտրում են առօրյայից ու ամբողջովին ընկղմում արվեստի աշխարհի մեջ՝ բացահայտելու նորանոր անուններ և վերագնահատելու այն, ինչ արդեն ունենք:

Աբստրակցիոնիստները կցուցադրվեն մինչև հաջորդ տարվա փետրվարի 10-ը, իսկ Լեոն Թութունջյանի աշխատանքների ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտ: Բայց սա դեռ ամենը չէ: Մարտի սկզբին «ԱԱ աուկցիոնը» նախատեսում է առաջին անգամ Հայաստանում անցկացնել աճուրդ, որին մասնակցող արվեստանմուշները արդեն հունվարին ներկայացված կլինեն www.hi-artonline.com կայքում, իսկ փետրվարի 14-ից աշխատանքների բնօրինակները կցուցադրվեն «Ոսկե դար» պատկերասրահում:

Այս թեմայով