15 Դեկտեմբեր 2013, 16:27
1352 |

Հարավային տոնավաճառի գաղտնիքը

Տոները սկսվում են այն ժամանակ, երբ մարդու սրտում բույն է դնում տոնական տրամադրությունը: Իսկ դա ստեղծելու համար իրականում շատ բան հարկավոր չէ: Գույներ, լույսեր, և ակամայից ցուրտ ու ձնապատ՝ անունն արդարացնող Հյուսիսային պողոտան վերածվում է հեքիաթային աշխարհի:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի սրտում կազմակերպվում է ամանորի տոնավաճառը: Նախորդ տարվա համեմատ այս տարի Հյուսիսայինում կրպակների թիվը կրկնապատկվել է: Նոր Տարվա շեմին ամեն մեկը փորձում է իր օջախ տանել տոնական հրաշքից մի կտոր: Օգնության են հասնում հայարտադրողները՝ իրենց բազմազան տեսականիով:

Տոնավաճառի գաղափարը պատկանում է «Պասկալ և Դիոդատո» ընկերությանը, նրանք ջանք չեն խնայել, որպեսզի սովորական առևտրային պատմությունը վերածվի իսկական Ամանորի ու Սուրբ Ծննդյան հրաշքի:

Նախատոնական նման միջոցառումները Եվրոպայում հարյուրավոր տարիների պատմություն ունեն: Հայաստանում առաջին անգամ ծրագիրն իրականացվել է Աշտարակ քաղաքում, այնուհետև՝ մայրաքաղաքում: Առաջին տարվա փորձը կազմակերպիչներին ցույց տվեց, որ երևանցիները կարևորում են նախատոնական գնումները:

Դեկտեմբրի 14-ից մինչ հունվարի 8-ը տևող տոնավաճառի ընթացքում քաղաքացիներին և քաղաքի հյուրերին են սպասում համերգային ծրագրեր, Ձմեռ Պապու ու տոնական այլ հերոսների ընկերակցություն: Կազմակերպիչները խոստանում են, որ Հյուսիսայինում տեղադրված տոնածառի տակ պահված երազանքներն անպայման իրականությունն կդառնան:

«Պասկալ և Դիոդատո» ընկերության հիմնադիր-տնօրեն Պիեռ Բաղդադյանի խոսքերով, տոնավաճառն իր ջերմ մթնոլորտով Հյուսիային պողոտան կվերածի Հարավայինի: Տեղական արտադրողներն էլ կկարողանան սպառողին ներկայացնել իրենց տոնական տեսականին՝ այսպիսով խթանելով հայրենական արտադրությունը:

30 տաղավարներն այցելելու ընթացքում դեկտեմբերյան ցրտից սառածներին էլ տոնավաճառի գործընկեր Ucom ընկերությունը հրավիրում է թեյի անվճար հյուրասիրության: Իսկ տոնավաճառի կենտրոնի բեմահարթակում մշտապես կհնչեն տոնական երաժշտական կատարումներ:

Այս թեմայով