12 Դեկտեմբեր 2013, 12:04
1410 |

Առանց դպրոցի ու ժանրի

Անին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ֆլեյտայի բաժինը, երգում է «Հովեր» երգչախմբում, նվագում «Զանգակներ» համույթում: Երգում է նաև եկեղեցական երգչախմբում: Կարճ ասած՝ երաժշտասեր է: Բայց վրձինը ձեռքն առավ միայն երեք տարի առաջ, երբ զգաց, որ ունի գույներ ու ներկեր փորձարկելու անդիմադրելի ցանկություն:

Անիի դեպքն այն եզակիներից է, երբ գործերը շահում են մասնագիտական նկարչական կրթության և որևէ գեղարվեստական դպրոցի պատկանելության բացակայությունից: Շրջանակներից և ուղղություններից զերծ լինելը նրա ոճի գլխավոր բնութագիրն է: «Երբ մի քանի տարի առաջ որոշեցի չհակառակվել մտքերս, պատկերացրածս ներկերով և կտավով արտահայտելու ցանկությանը, չէի էլ մտածում՝ ինչ ուղղությամբ եմ աշխատելու», - պատմում է Անին: Սա է թերևս պատճառը, որ նա կարող է իրեն թույլ տալ մի նկարում օգտագործել թե՛ ջրաներկ, թե՛ յուղաներկ ու նույնիսկ առարկաներ՝ փոքր զսպանակներ, ապակու բեկորներ, հուլունքներ ու թելեր:

Անին որոշեց նվիրել առաջին ցուցահանդեսը Սուրբ ծննդյան թեմային: «Գիտեմ, որ ոմանք կարող են չհավանել այս թեմայի իմ մեկնաբանությունը, սակայն հենց սա է արվեստի էությունը՝ չկան սահմանափակումներ կամ չափանիշներ: Ես ներկայացնում եմ պատկերացրածս կերպարների, ուրվագծերի, գույների միջոցով: Սա ինձ համար ճշգրտությունից ու տեխնիկայից կարևոր է»:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն ասում է, որ Անին օժտված է նկարչի կարևորագույն հատկանիշով՝ կարողանում է զարմացնել, դյութել, գրավել:

Ովքեր կամենում են անձամբ տեսնել Անի Հովակի ստեղծագործություններն ու զգալ արտաժանրային ազատությունը, կարող են այցելել «Նարեկացի» արվեստի կենտրոնը մինչև 2014-ի հունվարի 14-ը:

Այս թեմայով