30 Նոյեմբեր 2013, 22:21
1894 |

Մի գավաթ ջերմություն

Մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր հատկապես ձմռանը ջերմության կարիք ունեն։ Որպես խոցելի խումբ որակված շուրջ 200 երևանցի ձմեռը կդիմավորի բաց երկնքի տակ։ Անօթևաններ կան ամենուր, հասարակությունն արդեն այնքան է համակերպվել նրանց հարևանությանը, որ կարծես չի էլ նկատում։ Պետությունն ու տարբեր հասարակական կազակերպություններ անշուշտ իրենց օգնութնունն են առաջարկում, սակայն յուրաքանչյուրիս պարզած ձեռքը կարևոր է տարբեր պատճառներով կացարանից զրկված մարդկանց համար։ Ոչ մի պետական կառույց, ոչ մի հասարակական կազմակերպություն չի կարող փոխարինել հասարակ մարդկային ջերմությանը։
Հանրության ուշադրությունն անօթևանների խնդիրներին դարձնելու համար նոյեմբերի 30—ին Հյուսիսայի պողոտայում «Ջերմության մեկ գավաթ» սոցիալական ակցիա էր կազմակերպել Բրիտանական խորհրդի «Հմտություններ և մեխանիզմներ կանանց առաջխաղացման համար» ծրագիրը։
Միջոցառման կազմակերպիչները ակցիայի շրջանակներում պատահական անցորդներին թեյ ու քաղցրավենիք էին հյուրասիրում՝ հույս ունենալով տաք թեյով ջերմացնել ոչ միայն ձեռքերը, այլև նրանց հոգիները։
Ակցիան կարևոր առաքելություն էր կրում. պողոտայում տեղակայված արկղերում յուրաքանչյուր ոք կարող էր տաք հագուստ թողնել։ Հավաքված բոլոր իրերը միջոցառման կազմակերպիչները կփոխանցեն «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի «Անօթևան մարդկանց ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների մատուցման» ծրագրի կազմակերպիչներին։

Այս թեմայով