26 Նոյեմբեր 2013, 15:02
1861 |

Ֆեյսբուքը՝ տեղեկատվական մաքսակետ

Տեղեկատվությունը մարդկային հասարակության կարևորագույն զենքերից է եղել ու կլինի: Հետախուզական ծառայությունները, լրատվամիջոցները, նույնիսկ կենցաղային բամբասանքը մարդուն ինֆրմացված՝ այսինքն, զինված լինելու ու ապահովության զգացողություն է տալիս: Մեծ հաշվով միմիանց փոխանցվող փաստերն են հենց մարդկության պատմության հիմնաքարը: Այդ իսկ պատճառով 1994-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 26-ը պաշտոնապես գրանցեց որպես Տեղեկատվության համաշխարհային օր:

Նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տեղեկատվական հոսքն անդադար է ու տարածվում է լույսի արագությամբ: Դեռևս նախորդ դարի կեսերից խոշորագույն պետություններն ակնարկում էին տեղեկատվական պատերազմների մասին: Այսօր տեղեկատվական զենքի «սև շուկայում»՝ ինտերնետում, հնարավոր է գտնել ու ձեռք բերել ցանկացած տեղեկություն:

Գերհզոր պետություններին տեղեկատվական մարտահրավեր նետելու լավագույն օրինակը ՝ wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի բացահայտումներն են: Հետախուզական գաղտնի տեղեկությունները հասարականության սեփականությունը դարձնելով՝ Ասանժն ապացուցեց, որ մեր օրերում տեղեկատվությունն հասանելի է առավել, քան երբևիցե:

Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով հետամնաց երկիր չէ: Տեղեկատվական անվտանգության փորձագետները փաստում են, որ Հայաստանում գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի համակարգիչ՝այսպիսով համացանցին միանալու ու տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Սակայն նույն փորձագետները հավելում են, որ մեր երկրում այսօր սոցցանցերն են ձևավորում մեդիա դաշտը: Լրատվական գործակալությունները գործում են հիմնականում մեկ հարթակում՝ facebook-ում: Փաստացի ֆեյսբուքն այսօր դարձել է յուրօրինակ մաքսային կետ, որը մի կողմից հնարավորություն է տալիս տեղեկատվական շրջափակումից խուսափել, մյուս կողմից էլ մեդիա դաշտը՝ կլանել:

Ցանկացած սխալ կամ սուտ տեղեկություն կայծակնային արագությամբ տարածվում է համացանցում: Այս առումով դաշտում դրական փոփոխություն կմտցնի հեղինակային իրավունքի մասին վերջերս փոփոխված օրենքը, որը նվազագույնի կհասցնի copy-paste -ը: Համենայն դեպս, փորձագետների ամբողջ հույսն այս օրենքն է:

Այս թեմայով