26 Նոյեմբեր 2013, 13:59
2203 |

Հինգ տարբերակ՝ ծխողներին խելքի բերելու

Երևանում անցկացվող հակածխախոտային ամսվա շրջանակներում նոյեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնի առջև տեղադրեցին հինգերորդ' վերջին ահռելի մոխրամանը, որն ունի ջրով լցված սիգարետի տեսք և ընդհանրացնում է մյուս մոխրամանների ուղերձները: Նախագծի հեղինակը ՀՀ նախագահի դրամաշնորհին արժանացած Flashmob Division երիտասարդական հասարակական կազմակերպությունն է:

Հինգ կրեատիվ մոխրամաններից յուրաքանչյուրը տեղեկացնում է ծխելու վնասի մասին: Հյուսիսային պողոտայում վահանակի վրա պատկերված է ծխող տղամարդ, ում թոքերի պղտոր դեղին ջրի մեջ լողում են սիգարետի մնացորդներ: Կասկադում անցորդների նետած ծխուկները ընկնում են կնոջ արգանդը, որտեղ նոր-նոր սկիզբ էր առել մանկան կյանքը: Մետրոյի «Երիտասարդական» կայարանի մուտքի մոտ վահանակ է, որտեղ պասիվ ծխողների դերում երեխաներն են: Երևանի պետհամալսարանի առջև դրված վահանակը վերաբերում է հասարակական վայրերում ծխելու վնասին. վրան պատկերված ավտոբուսը գրեթե լեփ-լեցուն է ծխուկներով:

«Մեր գլխավոր նպատակը, - ասում է Flashmob Divison-ի նախագահ Արմեն Սուքիասյանը, - մարդկանց ծխելուց տարհամոզելն է: Բայց էլի ուրախ կլինենք, եթե ակցիան ստիպի ակտիվ ծխողներին գոնե մտահոգվել չծխողների մասին: Ծուխը վնասակար լինելուց բացի նաև խիստ տհաճ է բազմաթիվ չծխողների համար»:

Կրեատիվ մոխրամանները կմնան Երևանի փողոցներում մինչև դեկտեմբերի 24-ը: Յուրաքանչյուրը տեղեկացնում է թե՛ ակտիվ, թե՛ պասիվ ծխելու վնասների մասին:

Այս թեմայով