25 Նոյեմբեր 2013, 14:26
2320 |

Չհոգեբանություն

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» և Պետական համալսարանների մի խումբ հոգեբան ուսանողների նախաձեռնած PsyCamp հոգեբանական երկրորդ չկոնֆերանսը տևեց երկու օր' նոյեմբերի 23-24-ը: Չկոնֆերանսի կազմակերպիչներից Լիանան նշեց, որ չկոնֆերանսի շրջանակներում իրենք' հոգեբանները, կփորձեն ապացուցել չհոգեբաններին, որ հոգեբանությունն այնքան էլ սարսափելի գիտություն չէ: Հոգեբանության հասանելիության ապահովման փորձ երիտասարդներն արդեն ունեցել են' վերջերս կազմակերպելով «Հոգեբանություն առանց աթոռների» միջոցառումը:

Կաղապարվածությունից դուրս ֆորմատը հաջող կիրառելու հարցում BarCamp-ն առաջիններից էր, ու երիտասարդ PsyCamp չկոնֆերանսը որոշեց հետ չմնալ ու հնարավորինս «տնական» ձևով կազմակերպել միջոցառումը' ընտրելով «հողաթափերով հոգեբանություն» խորագիրը: Չկային զեկույցների՝ նախապես ֆիքսված ժամեր ու սենյակներ: Եթե մտքիդ փչել է գալ, կանգնել մարդկանց առջև ու խոսել, ապա կարող ես ելույթ ունենալ՝ երբ ուզում ես: Իսկ թե ընտրել ես ազատ ունկնդրի կարգավիճակը, ապա ցանկացած պահի կարող ես տեղափոխվել մի սենյակից մյուսը: «Ո՞վ ես դու այս կյանքում» գրությամբ բեյջերին մասնակիցները չէին շտապում գրել իրենց իսկական անունները: Փոխարենը նշում էին իրենց պսեվդոանունները' կռիս դասախոս, բլինչ, ծույլ վիշապաքաղ, Արմին վիշապ, աջ, կատու:

Ելույթ ունեցողների մեջ կարելի էր տեսնել ինչպես երիտասարդ հոգեբանների, այնպես էլ դասախոսների: Թեմաները բազմազան էին' նեյրոլեզվաբանությունից մինչև շիզոֆրենիա, պանպսիխոլոգիզմից մինչև գործատուին արդյունավետ ներկայանալու հմտությունների քննարկում: Շատերն ընտրել էին հոգեբանությանը ոչ ուղիղ կերպով առնչվող, սակայն մարդու հոգեբանական էլեմենտները քննության տակ առնող թեմաներ, ինչպես օրինակ' մերչենդայզինգ, գենդերային սոցիալականություն:

Սահմանափակումներ չդնող չկոնֆերանսի մասնակիցներից ոմանք էլ անդրադարձան 3D ընկալմանը, նպատակներին հասնելու արդյունավետ ճանապարհներին և մարդու ներսում ու նրանից դուրս եղած սահմաններին:

Այս թեմայով