02 Մարտ 2013, 14:43
2556 |

Կոլաժներ՝ ձեռքի տակ եղած նյութերով

Գարնան առաջին օրը Հայաստանի Ժողովրդական արվեստի պետական թանգարանում բացվեց Նելլի Գևորգյանի 10-րդ անհատական ցուցահանդեսը։ Հոբելյանական ցուցադրության էին ներկայացված նրա ստեղծագործության վերջին 10 տարիների 47 լավագույն աշխատանքները:

Նելլի Գևորգյանը ստեղծագործում է կոլաժի տեխնիկայով: Ուլունքներ, կոճակներ, մետաղալար, ապակի, գունավոր թղթեր, փայլաթիթեղ, բյուրեղապակի, կիսաթանկարժեք քարեր, ամսագրերի գունավոր տպագրությամբ էջեր, կարպետի ու այլ գործվածքների դրվագներ՝ ահա նրա աշխատանքի հումքը: «Սկզբում ծառերի շիվերից կոմպոզիցիաներ էի պատրաստում,- պատմում է տիկին Նելլին,- համարում էի, որ դա ծառերին երկրորդ կյանք տալու տարբերակ է և դրա հետ մեկտեղ՝ բողոք ծառերի ոչնչացման դեմ: Իսկ հետո սկսեցի կոլաժային տեխնիկայով աշխատել: Այդ ժամանակից ի վեր բոլոր ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ. «Եթե ինչ-որ կոտրված իրեր, կիսատ ապարանջաններ ու այլ անպետք բաներ ունեք տանը, մի' թափեք, տվե'ք ինձ»: Այդպես էլ ծնվում են իմ բոլոր աշխատանքները: Ու քանի որ ոչ մի գումար չեմ ծախսում, ուստի ոչ էլ վաճառում եմ աշխատանքներս, մեծ մասամբ նվիրում եմ»:

Արվեստագետի մի շարք աշխատանքներում կարելի է առնչություններ գտնել հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հանրահայտ կոլաժների հետ: Սակայն հեղինակը պնդում է, որ դրանք չեն հանդիսացել նրա ստեղծագործության սկզբնաղբյուրը: «Ինձ շատ հաճախ են ասում, թե աշխատանքներս նման են Փարաջանովի կոլաժներին: Երբ ես նոր էի սկսել ցուցադրվել, շարունակ նման արձագանքներ էի ստանում և իմ 4-րդ անհատական ցուցահանդեսից հետո որոշեցի վերջապես գնալ ու իմ աչքով տեսնել Փարաջանովի հանրահայտ կոլաժները: Բայց մինչ այդ ես ծանոթ չեմ եղել նրա կոլաժներին ու դրանցից չեմ ազդվել կամ ներշնչվել»,- նշում է տիկին Նելլին՝ հավելելով, որ նման համեմատությունն իր համար, ինչ խոսք, հաճելի է:

Տիկին Նելլիի աշխատանքների թեմաները բազմազան են՝ հանրահայտ հոլիվուդյան աստղերի դիմանկարների, Վերածնունդի հեղինակների կտավների ձևավորումներից մինչև աբստրակտ ու պայմանական հորինվածքներ, գունավոր կոճակներից պատրաստված ծաղկաթփերից մինչև սադափե ուլունքներից ու ոսկե լարերով պատված Առլեկին, և այդ ամենը՝ ձեռքի տակ եղած սովորական, կենցաղային նյութերով:

Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը ժողովրդական արվեստի թանգարանում բաց կլինի մինչև մարտի 16-ը:

 

Այս թեմայով