16 Նոյեմբեր 2013, 13:33
2167 |

Աչքով վրձնած՝ գրքի տեսքով

Այն, ինչ ոմանք համարում են ընդվզում, մյուսների համար իսկական գլուխգործոց է: Այս երկակիության լավագույն դրսևորումն արվեստում հենց ծաղրանկարչությունն է:

Ծաղրանկարել՝ չի նշանակում ծաղրել: Ծաղրանկարը մարդու խորքային պատկերն է՝  բացահայտող բնավորությունը, խառնվածքը: Եվ ամեն նկարչի տրված չէ բացահայտելու մարդկային խառնվածքի այնպիսի գծեր, որոնք միևնույն ժամանակ և՛ ծպտված լինեն ծաղրանկարի խորքերում, և՛ մարդու բնավորությունն ընդգծեն:

Հարություն Չալիկյանին հայ արվեստասեր հասարակությունը լավ է ճանաչում: Բաբաջանյանին, Ազնավուրին, Խաչատրյանին և էլի շատ ուրիշներին ծաղրանկարած վարպետի վրձնից կամ, ավելի ճիշտ, դիպուկ հայացքից չեն վրիպել նաև Օբաման, Մերկելը և այլն:

Մասնագիտությամբ ճարտարապետ ծաղրանկարիչ-քանդակագործ Չալիկյանի աչքից գրեթե ոչ ոք ու ոչինչ չի վրիպում: Եվ բնական է, որ տարեցտարի աշխարհն յուրովի ընկալող ծաղրանկարչի պահոցը հարստանում է: Բազմաթիվ ցուցահանդեսներն ու ցուցադրություններն էլ նույնիսկ բավարար չե , որպեսզի արվետսասերին հասնի Չալիկյանի «աչքով վրձնածը»:

«Գծանկար, քանդակ» վերտառությամբ գրքում են ժողովվել Հարություն Չալիկյանի ծաղրանկարները: Գրքի շնորհանդեսը կայացավ նոյեմբերի 15-ին: Մի քանի մասերից բաղկացած գիրքն իր մեջ ամփոփել է Չալիկյանի  վրձնած  հայ և արտասահմանցի քաղաքական, հասարակական ու արվեստի գործիչների ծաղրանկարները:

Նման մեծածավավալ աշխատանքը գլուխ բերելու համար Չալիկյանին 3 տարի էր անհրաժեշտ: Ըստ նկարչի, կյանքում ամեն ինչ անցողիկ է, միայն գիրքն է հավերժ: 

«Գծանկար, քանդակ»  ծաղրանկարների ժողովածուն արդեն իրականություն է, և այսուհետև յուրաքանչյուրս հնարավորություն ունենք չալիկյանական տաղանդի պրիզմայով նայել հայտնի անձանց: 

Այս թեմայով