17 Հոկտեմբեր 2013, 13:53
1591 |

Իրական Դինքը

Երևանի թիվ 44 դպրոցը Զեյթուն թաղամասի առաջին'մայր դպրոցն է: 1946-ին այն հիմնադրել են հայրենադարձ զեյթունցիները: 60-ից ավելի տարիներ դպրոցը որևէ մեկի անունով կոչված չի եղել: 2013-ի փետրվարին երկար մտորումներից հետո դպրոցի մանկխորհուրդը' տնօրեն Մարինա Տոնոյանի նախաձեռնությամբ, դիմեց քաղաքապետին' դպրոցն անվանակոչելու Հրանտ Դինքի անունով: Առաջարկն ընդունվեց. նշանավոր պոլսահայ լրագրող, գրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անունը հավերժացավ զեյթունյան դպրոցի վրա: «Հրանտ Դինքի աշխատանքը պիտի շարունակվի մեր դպրոցի շրջանավարտների շնորհիվ»-վստահեցրեց դպրոցի տնօրենը:

Հոկտեմբերի 16-ին արդեն Հրանտ Դինքի անվան դպրոցը հյուրընկալել էր Դինքի մտերիմ բարեկամ Ծովինար Լոքմագյոզյանին, ում գրառումներն ու հոդվածները 1998-ից մինչև օրս տեղ են գտնում «Ակօս» շաբաթաթերթում: Նրա համոզմամբ' իրական Դինքին քչերն են ճանաչում: Նրա մասին գրելիս կարծես բոլորը ստեղծում են սև-սպիտակ աշխարհ' Դինքը հայ էր, և թուրքը սպանեց նրան: Հրանտը կյանքը զոհաբերեց' ջնջելու հենց այդ սև-սպիտակը:
«Հրանտ Դինքը դուրս է մարդկային սովորական պատկերացումներից. նա տեսնում էր այն, ինչ չի կարող տեսնել ոչ հայաստանցին, ոչ էլ ցանկացած սփյուռքահայ: Դինքը հայ էր, ով չէր ատում թուրքին: Նա տեսնում էր թուրքին' որպես մարդ, առանց յաթաղանի: Դինքի համար մի ամբողջ ազգ չէր կարող թշնամի համարվել: Դինքին դուր էր գալիս Թուրքիայում ապրել, նա իրեն համարում էր թուրքիացի' ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի»,-Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոցի աշակերտների հետ իր զրույցում շեշտեց Ծովինար Լոքմագյոզյանը:

Թիվ 44 դպրոցի անվանակոչման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2013-ի հոկտեմբերի 29-ին: Հրավիրյալների շարքում են բարձրաստիճան պաշտոնյաներ, Դինք ընտանիքի անդամներ և մտերիմներ:

Այս թեմայով