16 Հոկտեմբեր 2013, 10:34
2024 |

Թռիչք կամ անկում՝ ֆանտաստիկ արագությամբ

Մոռանալ շրջապատող իրականությունը և ընկղմվել միանգամայն այլ աշխարհ, որտեղ գույնն է կանչում. այս մտադրությամբ էր աշխատել նկարչուհի Դիաննա Հակոբյանի վրձինը:

Շրջանակի մեջ դնելով շարժումը և էլեկտրիկ գույների տարափը՝ նկարչուհին փորձել էր ստեղծել իսկական գունային պայթյուն: «Զգա կարմիրը» կամ «Ծագիր վեր», «Փնտրիր սպիտակը» կամ պարզապես «Տարրալուծվիր». նմանատիպ վերնագրով նկարներն ակամա տրամադրում են հաշվել ազատ անկման բանաձևը:

Կտավների ստատիկ կյանքին զուգահեռ Դիանա Հակոբյանը փորձել էր նաև փոքրիկ էկրանավորման միջոցով ավելի վիզուալացնել շարժումը. վիդեո աշխատանքների մեջ գլխավոր հերոս նկարչուհին ներկայացնում էր մի քանի մեդիա իրականությունների միջև կապը, ինչի արդյունքում էլ ծնվում էր վիդեո և լուսանկարչական տարրերով մի նոր գեղանկարչություն:

Ինչու թռիչք և անկում. Դիանա Հակոբյանը երկուսն էլ կապում է էմոցիոնալ հոգեբանական զգացողությունների հետ. «Թե թռիչքի, և թե անկման միջև բավականին արագ շարժում կա: Այն ծայրահեղ բարդ է որսալ, իմ նկարներում հիմնականում հենց այդ ծայրահեղությունն էի ուզում ցույց տալ»,- ներկայացնում է նկարչուհին:

Դիանա Հակոբյանի աշխատանքների դրայվի ծայրահեղության աստիճանը ստուգելու համար Դալան ցուցասրահի դռները բաց կլինեն հոկտեմբերի 15-ից մինչև նույն ամսվա 31-ը: Գույնը կանչում է, մի անտեսեք:

Այս թեմայով