14 Հոկտեմբեր 2013, 15:15
1994 |

Կաֆկայից ազդված հավերը

«Աշխատանքներից յուրաքանչյուրն իր սեփական ոդիսականն է վերապրում՝ կերտելով իր անհատական պատմությունը»,- այսպես է մեկնաբանում իր կտավները ամերիկացի նկարիչ Դագ Արգյուն, ում հավերով գեղանկարների ցուցահանդեսը բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Ցուցադրված է չորս մեծադիր կտավ՝ չորս անհատական պատմություն, չորս ինքնուրույն ապրող ստեղծագործություն և տասնյակ մեկնաբանություններ:

Աշխատանքներից ամենադիտարժանը և, թերևս, ամենահայտնին 1994-ին ստեղծված «Անանուն/Հավերով գեղանկար» աշխատանքն է, որն արվեստագետը ստեղծել է երկու տարվա ընթացքում՝ ազդվելով Ֆրանց Կաֆկայի պատմվածքներից: Կտավը բազմիցս բուռն քննարկումների առիթ է դարձել: Մյուս երեք կտավները հավերի դիմանկարներ են, ոչ պակաս վիճահարույց դատողությունների առիթ են տալիս մինչ օրս: Ինչպես մեկնաբանում են ցուցահանդեսի համադրողները, այդ անհատականացված դիմապատկերներում թռչունները՝ իրենց անհեթեթ կեցվածքներով, դիտողին ուղղված հայացքներով հանդես են գալիս՝ որպես անանուն պատմական կերպարների առեղծվածային դիմանկարներ:

Արգյուն կիրառում է ամենահասարակ և ամենածանոթ պատկերներից մեկը: Նրա նկարած թռչնաբուծական ֆաբրիկան նույն հաջողությամբ կարող է բնապահպանական ուղերձ լինել տարեկան 50 մլրդ հավեր իրացնող սպառողական հասարակարգին: Ընկալումները տարբեր են, ինչը ևս մեկ անգամ փաստում է ամերիկացի արվեստագետի՝ բազմաշերտ ստեղծագործություն կերտելու վարպետությունն ու հեռատեսության շնորհիվ դեռևս 20 տարի առաջ ստեղծված աշխատանքների արդիականությունն այսօր:

Հավերով այդ չորս կտավները մի լավ զննելու շանսը մինչև դեկտեմբերի 29-ն է:

Այս թեմայով