28 Փետրվար 2013, 19:36
1260 |

Բոլորը մեկնում են Երևան

Հայաստանի մայրաքաղաքում 2013-ի հունիսի 12-16-ը կայանալիք «Բոլորը մեկնում են Երևան» Ազգային դիվանագիտության առաքելության շրջանակներում Երևան կայցելի 600-ից ավելի արտասահմանցի հյուր, որոնցից 350-ը՝ էստոնացի մշակույթի գործիչներ, ձեռներեցներ ու լրագրողներ: Ազգային դիվանագիտություն առաքելությունը քաղաքացիական նախաձեռնություն է, որը չի ֆինանսավորվում հարկատուների հաշվին:

Կազմակերպիչները նախատեսում են այդ օրերին Երևան հրավիրել 10-12 հեռուսատաալիք ու տասնյակ տարբեր հրատարակչություններ Էստոնիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: Առաքելությունը 2011 ու 2012թթ. անցկացված «Տալինը գնում է Օդեսա» և «Օդեսան գնում է Տալին» ազգային դիվանագիտության ակցիաների տրամաբանական շարունակությունն է:

Այս տարվա առաքելությունն էլ կանցնի օդեսցիների համարշխարհային ակումբի հետ համագործակցությամբ: Երևան կգա ակումբի նախագահ Միխայիլ Ժվանեցկու ղեկավարած օդեսցիների հայտնի պատվիրակությունը: Հյուրերը կլինեն Ռոման Կարցևը, Բորիս Բուրդան, Մարիաննա Գոնչարովան, Վալերի Խաիտը: Տեղի կունենա դաշնակահար Ալեքսեյ Բոտվինովի համերգը: Երևանում, Գյումրիում ու Տաթևում հինգ օրվա ընթացքում ավելի քան 20 միջոցառում է նախատեսվում:

Ամենանշանակալի իրադարձություններից մեկը կլինի գրող Ելենա Սկուլսկայայի ու պրոդյուսեր Օլիվեր Լոոդեի ղեկավարությամբ և Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ Երևանում Դովլաթովի եռօրյակի անցկացումը: Կհանդիպեն նաև էստոնացի, հայ, վրացի, ուկրաինացի ու ռուս գրողները: Երաժշտական ծրագրում բարոկկո երաժշտության Եվրոպայի ամենահին համույթներից մեկը՝ դիրիժոր Անդրես Մուսթոնենի գլխավորած Hortus Musics-ն է, RAM էստոնական տղամարդկանց երգչախումբը, Աննե Վեսքին, Թընիս Մյագին, Քյարթ Յոհանսոնն ու ուրիշներ: Կկազմակերպվի գիտական գագաթնաժողով՝ նվիրված Տարտուսի համալսարանն ավարտած ժամանակակից հայ գրական լեզվի հիմնադիր Խաչատուր Աբովյանին: Նախատեսվում է անցկացնել քաղաքների ու երկրների մարքեթինգի միջազգային խորհրդաժողով:

Առաքելության համահիմնադիր Մեելիս Քուբիթսի կարծիքով, քաղաքացիական նախաձեռնության նպատակը ծանոթությունն է Հայաստանի մշակույթի ու պատմության հետ, ինչպես նաև՝ այլ մշակույթների ներկայացումն արտասահմանում: «Հայերն ու էստոնացիները հարյուրամյակներ շարունակ կապված են եղել փոխադարձ հետաքրքրությամբ ու բարեկամությամբ՝ հակառակ մեր միջև ընկած հազարավոր կիլոմետրերի: Օրինակ, շատ հայ ազգի արժանավոր որդիներ կրթություն են ստացել Տարտուսի համալսարանում: Մեր առաքելությունն է Հայաստան բերել հարյուրավոր մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից: Մենք ուզում ենք բարեկամության ձեռք պարզել փոքր, քաջ ազգին, որից սովորելու շատ բան ունենք», - ասել է Քուբիթսը: Առաքելությունը նաև նպատակ ունի ընդգրկել ծրագրում արտասահմանում ապրող հայերին: «Դրա համար էլ լիահույս ենք, որ հունիսին Երևանում կհանդիպենք այս առիթով Ամերիկայից, Եվրոպայից ու Ռուսաստանից ժամանած շատ հայերի ու Հայաստանի բարեկամների: Մեր առաքելությանն իրենց օժանդակությունն են հայտնել նաև բազմաթիվ ազդեցիկ հայ դիվանագետներ ու պաշտոնյաներ»: 

Այս թեմայով