03 Հոկտեմբեր 2013, 12:08
1391 |

Լիտվական միտումներ

Մերձբալթյան Լիտվայում կյանքի ակնթարթները հավերժացել են մեզ համար դժվար արտասանվող անուն-ազգանուններով լուսանկարիչները։ Դոնատաս Ստանկյավիչուսը, Ռումուալդաս Ռակաուսկասը 1960-ականների լիտվացի լուսանկարիչներ են։ Նրանց ազգակցի' Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետիկասի ելույթով Ազգային պատկերասրահում բացվեց «Սերունդների երկխոսություն. առօրյա կյանք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, ու լիտվացիների դիմանկարները 50 տարվա խորքերից մեզ այցելեցին։ Հին օրերի, հին տների ու հին կյանքի կոլորիտ, գյուղական շուկա ու դպրոց, քրքրված բաճկոնով մանչուկ, ծանր պարկեր շալակած կանայք. սրանք անապահով կյանքի պատկերներ չեն, այլ Լիտվայի պատմությունը, որին հաջորդել է եվրոպական քաղաքակրթության թռիչքը։ Սակայն լուսանկարներում շեշտը հենց այդ պատմության վրա է դրված' որպես արժեք։

Կենցաղի ու առօրյայի պատկերները խտացնում են կյանքի գույները, հնի ու նորի անջրպետը։ Լիտվայի գյուղերում նույնիսկ մեր օրերում չեն շտապում հրաժարվել հնամյա վառարաններից ու կյանքը գունեղ են դարձնում պաստառի փոխարեն տան պատերը թերթերով ծածկելով։
Լիտվական կյանքի պատառիկները ներկայացնող լուսանկարներն Ազգային պատկերասրահում կմնան մինչև հոկտեմբրի 30-ը։

Այս թեմայով