26 Սեպտեմբեր 2013, 15:45
1944 |

Թատերական ակտիվություն

11-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հանդիսատեսին կներկայանա նոր ոճով և նոր տարբերանշանով. «Բարձրագույն քիմիա»: Մենդելեևի աղյուսակի տեսքով «ՀԱՅ ՖԵՍՏ -2013»-ի տարբերանշանում իրենց տեղն են գտել Սերը, Կիրքը, Գաղափարը, Երազանքը և բոլոր այն տարրերը, առանց որոնց անհնար է պատկերացնել թատրոնը: «ՀԱՅ ՖԵՍՏ-2013»-ին հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ ' Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից և այլն: Նշանավոր ներկայացումներից են Ա.Սթրինբերգի «Ֆրեկեն Ժյուլի» Վալմիերյան դրամատիկական թատրոնի ներկայացումը (Լատվիա), Օսկարաս Կարշունովասի թատրոնի «Միրանդա» ներկայացումը' ըստ Վ. Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի (Լիտվա), Cantieri Teatrali Koreja-ի «Պլաստմասե այգիներ» ներկայացումը (Իտալիա), ինչպես նաև Յոզեֆ Բոյսի անվան թատրոնի «Ուզբեկ» մոնոներկայացումը (ՌԴ): Փառատոնին կմասնակցեն թատրոններ նաև Երևանից և Հայաստանի մարզերից. Գյումրի, Եղեգնաձոր: Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ին հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «<Փոքր» և «Միհր» թատրոնները:

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը նաև ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց աշխատանքները ARMS FEST ուսանողական ծրագրում: Ներկայացումները կընդգրկվեն փառատոնի հիմնական, ֆրինջ և ուսանողական ծրագրերում: Փառատոնի հյուրերը կանցկացնեն նաև վարպետության դասեր, որոնց ընթացքում կներկայացնեն թատերական մուլտիմեդիայի ժամանակակից միտումները: Փառատոնի բացումը կազդարարի «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացումը' Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Այս թեմայով