23 Սեպտեմբեր 2013, 22:02
1502 |

Վտանգված «Հայաստան»

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում սովետական տարներին հանգստյան տուն է եղել, որի պատին ժողովրդական նկարիչ Էդվարդ Արծրունյանը 1989-ին նկարել է «Հայաստան» որմնանկարը։ 10 առանձին կտավների թեմատիկայով 5x11 չափսի «Հայաստանը»  Արծրունյանի միակ որմնանկարն է։ Նկարիչներ Էդվարդ Իսաբեկյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Վլադիմիր Գրիգորյանի, Աշոտ Մելքոնյանի սերունդը մեծ եռանդի ու աշխատասիրության համար Արծրունուն Ածան է ասել։ Ածանն իր «Հայաստանում» խտացրել է հայրենի պատմության ու մշակույթի նկարագիրը։

Կարճ ժամանակ անց սովետը փլվեց, Այգեհովիտի հանգստյան տունն էլ զորամաս դարձավ։ Մի օր էլ ծանր հիվանդությունից սայլակին գամված Ածանին գուժեցին, թե զորամասի շենքը քանդել են։ Արվեստաբան Անահիտ Կորյունը, որ դեռ նկարչի կենդանության ժամանակ զբաղվել է նրա արվեստի հանրահռչակմամբ, հիշում է, թե ինչ խորը կսկիծով, արցունքոտ աչքերով է Ածանը հաղորդել լսածը. «Ասում են` շենքը քանդել են, «Հայաստանս» էլ` հետը»։

Այդ օրից 10 տարուց ավելի է անցել. Անահիտն ապշած է.«Եվ այդ ո՞ր անգութի մտքով էր անցել 6 տարի անվասայլակին գամված հիվանդ նկարչին այդպիսի անողոք լուր հաղորդել` վստահ, որ դրանից նրա վիճակը վատթարանալու է»։

Որմնանկարի թեման այսպիսով փակվեց։ Էդվարդ Արծրունյանը մահացավ 2010-ին։ Անահիտ Կորյունը նկարչի մասին գրքեր, ակնարկաշար է հրատարակել, ստեղծել ֆեյսբուքյան էջ։ Մեկ շաբաթ առաջ`սեպտեմբերի 16-ին, նկարիչ Խաչիկ Հարությունյանից զանգ է ստացել ու հանդիպել։ Զրույցի ընթացքում պատահաբար տեղեկացել է, որ  Այգեհովիտի զորամասն էլ է կանգուն, Ածանի «Հայաստանն» էլ։ Որմնանկարի վրա աշխատելիս Արծրունյանին, որպես երիտասարդ նկարիչ, օգնել է Խաչիկ Հարությունյանը։ Ականջներին չհավատալով` Անահիտը մեկնել է Տավուշ ու սեփական աչքերով տեսել ամբողջովին պահպանված հսկայական որմնանկարը։ Մեր զինվորները, ի թիվս այլ նկարների, «Հայաստանն» էլ են աչքի լույսի պես պահել։ Բայց վերջերս զորամասը վաճառվել է. նոր տերը մտադիր է այն վերանորոգել ու նորից հանգստյան տուն դարձնել։ Այ այստեղ վերածնված ու գտնված «Հայաստանի» ապագան վտանգվում է։ Եթե պատկան մարմինները շուտափույթ տեր չկանգնեն որմնանկարին, շենքի տերը կարող է դրա հետ վարվել ինչպես սիրտն ուզի, մանավանդ որ այն կորսված է համարվել ու սովետից-անկախություն  քաոսային իրավիճակում չի գրանցվել մշակութային արժեքների ցանկում։

Հ.Գ.
Սովետի ժամանակ Երևանի «Արարատ» ռեստորան- սրճարանի պատին Հովհաննես Զարդարյանն ու Էդվարդ Իսաբեկյանը վրձնել են Արարատի շքեղ պատկերը։ Մի օր էլ Հովհաննես Շիրազը տեսել է, թե ինչպես են բանվորներն Արարատը քերում «Արարատի» պատից։ Փորձել է կանխել` անօգուտ։ Ուտել-խմելու օբյեկտի տերն այդպես էր կամեցել`տարածքն իմն է, իրավունքը` նույնպես. վերանորոգում եմ ու ինձ Արարատ պետք չի։

Այս թեմայով