20 Սեպտեմբեր 2013, 17:54
1454 |

Գիլանի գիրը

Անկախության տարեդարձին ընդառաջ երկրում միջոցառումների, այցելությունների ու զվարթ տրամադրության պակաս չի նկատվում: Տարեցտարի Հանրապետության յուրաքանչյուր տարեդարձն իր հետ Հայաստան է բերում ոչ միայն սփյուռքահայերին, այլև համաշխարհային մեծության աստղերին:

Լեգենդար Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանի համար Հայաստանն արդեն ավանդական այցելավայր է: Այս տարի ռոք կուռքը Հայաստան էր եկել ընտանիքի հետ:

Այցելության նպատակը լեգենդին հարիր էր. Գիլանի անմիջական մասնակցությամբ վերակառուցվել ու վերազինվել է 1988-ի երկրաշարժի հետևանքով ավիրված Գյումրու համար 6 երաժշտական դպրոցը: Գիլանի շնորհիվ այս սեպտեմբերին երաժշտական կրթօջախը վերածնունդ ապրեց: 

Կրթության հանդեպ ուշադրությունը, Գիլանի կարծիքով, երկրի զարգացման, մշակույթի պահպանման կարևորագույն մասն է: Այդ պատճառով, երբ բոլորը նախապատրաստվում էին Գյումրու դպրոցի վերաբացմանը, Գիլանն իր ընտանիքի հետ ճողոպրեց լրագրողների խոսափողներից ու տեսախցիկներից ու շտապեց երկի ամենանորարար կրթօջախներից մեկը՝ Թումո կենտրոնը տեսնելու:

Առաջին զարմանքն ու անակնկալը երգչի համար այն էր, որ նույնիսկ ռոքի լեգենդի այցը կենտրոն չստիպեց ոգևորված երեխաներին կտրվել իրենց վարժանքներից ու առօրյա դասերից: Մինչև Գիլանն իր շքախմբով կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազեանի ուղեկցությամբ  շրջում էր նորարար տեխնոլոգիական «տիեզերանավի» սրահներով, ոգևորված պատանիներն ու աղջիկները զբաղված էին իրենց ստեղծարար գործունեությամբ: Իհարկե, աչքի պոչով թաքուն հետաքրքրությամբ հետևում էին սպիտակահեր լեգենդար պապիկին:

Աշխարհի լավագույն բեմերն ու ձայնագրման ստուդիաները ոտնատակ տված երաժիշտն ապշած ու կլանված լսեց երևանցի պատանիների «Թմբա-Թա» խմբի կատարումները: Ոգևորված Գիլանը պատին գրեց՝ I fill I'm in a movie. You are amazing. Thank You. (Ես ինձ զգում եմ ինչպես կինոյում: Դուք հիասքանչ եք: Շնորհակալ եմ):

Իհարկե, այն պատը, որին Գիլանը թողեց իր լեգենդար գրառումը, անշուշտ, առաջիկայում կլաքապատվի ու քարեդարյա ժայռապատկերներին հավասարազոր գրավչություն կունենա կենտրոնի սաների համար:

Այս թեմայով