20 Սեպտեմբեր 2013, 12:07
1434 |

Գիտակից մարդկանց օրը

Սիրահարների այգում տոնական տրամադրություն էր: Ժպիտները, փուչիկներն ու աշխույժ երաժշտությունը հուշում էին, որ օրը սովորական չէ: Օրացույցի կարմիրը քաղաքացիական հասարակության տոնն էր հուշում:

Սեպտեմբերին 19-ը՝ որպես Քաղաքացիական հասարակության օր, Հայաստանում նշվում է 2009-ից: Օրվա առթիվ անցկացվող միջոցառումների կազմակերպիչը «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» նախաձեռնող խումբն է: Ասում են՝ ցանկանում են մարդկանց շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը, ինչը, իրենց բնորոշմամբ, սեռ, տարիք ու մասնագիտություն չի ճանաչում: Ի շահ հասարակության գործող յուրաքանչյուր քաղաքացի ակամայից դառնում է քաղաքացիական հասարակության մասնիկը: Ուրախությամբ են փաստում ՝ Հայաստանում վերջին տարիներին ձևավորված քաղաքացիական հասարակությունը շատ հարցեր է փորձում բարձրացնել՝ տեղ-տեղ հաղթանակներ գրանցելով:

Ամեն տարի Քաղաքացիական հասարակության օր նշվում է տարբեր խորագրերի ներքո: 2013-ին կազմակերպիչները որոշել էին ներկայացնել բիզնեսի ու քաղաքացիական հասարակության համատեղ նախագծերը: Ու նրանց կողքին էին հայտնվել տարբեր մասնավոր կազմակերպություններ, որոնց սկզբունքների մեջ է մտնում սոցիալական պատասխանատվությունը: Սիրահարների այգում կազմակերպված տեղեկատվական ցուցահանդեսը այցելուներին ուղղորդում էր հենց այդ ընկերությունների գունավոր տաղավարներ: Բիզնես ոլորտի ընկերությունների համար հասարակության հետ իրենց հաջողված փորձն ու հետագա ծրագրերը ներկայացնելու լավագույն առիթներից էր: «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Տաթևիկ Մարգարյանը սակայն ցավով է նշում, որ տեղական կազմակերպությունները հասարակության հետ քիչ են շփվում, այդ մշակույթը Հայաստանում դեռ չի ձևավորվել: Իրենք փորձելու են բացը լրացնել: Վստահ են՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի. քաղաքացիները կդառնան ավելի գիտակից, բիզնես ոլորտի ներկայացուցիչները՝ ավելի պատասխանատու:

Այս թեմայով