09 Սեպտեմբեր 2013, 15:36
2472 |

Գիրք տուր` գիրք տամ

Գիրքը՝ ինտելեկտի սիմվոլ, գրապահարանները՝ ընտանեկան ինտելեկտուալ հարստություն ընկալող սովետակոփ սերունդը գրականազերծ ու համակարգչածին ժամանակաշրջանը կնքեց որպես քաղաքակիրթ աշխարհի վերջ: Իհարկե, թվանշային գրականությունն ունի իր առավելությունները, ու դրանցից հիմնականը էկոլոգիականն է: Գրադարանները դամբարանների վերածած սերունդը ձեռքն առավ էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված kindle-ներն ու iPad-ները:

Գրականության ու գրադարանների վիրտուալիզացումն անխուսափելի էր: Սակայն թվային տափակ գրքերը հաստատ չեն փոխարինի գրափոշու կամ տպագրական ներկի հոտին: Ընթերցասեր ռոմանտիկներին հենց համացանցը միացրեց ամենամեծ սոցցանցում՝ facebook-ում, որտեղ և ստեղծվեց «Փոխանակում ենք գրքեր» կամ Book Swapping խումբը՝ ընթերցասերներին գրականությունը փոխանակելու հնարավորություն տալու նպատակով:
Այս խմբի մասնակիցները ծանոթանում են օնլայն, բայց գրքեր փոխարինում օֆլայն տիրույթում: Առաջին հանդիպումն այս տարվա փետրվարին էր, երբ խմբի մասնակիցները հանդիպեցին ձեռք սեղմելու, ծանոթանալու ու գրքափոխանակման համար:

Նախաձեռնության վերջին հանդիպումը սեպտեմբերի 7-ին էր, Անգլիական այգում: Գրքի համն ու հոտը գնահատողները այս տարի արդեն չորրորդ անգամ հանդիպել էին, որպեսզի համախոհների շրջանում գտնեն իրենց՝ գուցե տարիներով փնտրած գիրքը:

Թե տանը փոշոտվող գրադարակ ունեք, այս խումբը հիանալի հնարավորություն է այնտեղ փոփոխություններ անելու համար: Առավել ևս, որ առջևում ձմեռ է՝ ընթերցանության համար լավագույն ժամանակը:

Այս թեմայով