07 Սեպտեմբեր 2013, 13:23
1504 |

Շաբաթի ուրբաթ երեկոն

Աշնանային մեղմ երեկո, լույսերի հրավառություն, տրամադրող երաժշտություն, կարմիր գորգ ու թանկարժեք օծանելիքի մրցակցող բույրեր։ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցորդների զարմացած հայացքների ներքո շոուբիզնեսի ճանաչված և ճանաչման ձգտող ներկայացուցիչները տեսախցիկների ու ֆոտոխցիկների համար լայնահուն ժպտալով` անցնում էին կարմիր գորգի վրայով։ Առավել հետաքրքրասեր անցորդները պարզեցին` հանդիսությունն ազդարարում է սեպտեմբերի 24-29-ը մայրաքաղաքում կայանալիք «Երաժշտության շաբաթը Երևանում» նոր նախագծի մասին։ Ոչ ֆորմալ երեկույթ-հանդիպումը նախատեսված էր փառատոնի մասնակիցների, հյուրերի, գործընկերների ու լրատվամիջոցների համար։ Շամպայնի գավաթների զնգոց, օդային համբույրեր, ողջագուրանքներ, երեկոյան զգեստների շրշյուն, մեղմ զրույցներ. երեկոն հավակնում էր ավելի հանդիսավոր դառնալ։ Շոումեն, «Երաժշտության շաբաթը Երևանում» փառատոնի մտահղացման հեղինակ Էմիլ Կարատը ներկայացրեց նախագծի մասնակիցներին` խոստանալով մեկը մյուսից հետաքրքիր համերգային երեկոներ, որոնք առանձին-առանձին ներկայացնելու են երաժշտական տարբեր ժանրեր` ռոք, ջազ, էստրադա, դասական, ազգային։

Սեպտեմբերի 29-ին փառատոնը կեզրափակվի գալա-համերգով։ Ելույթ են ունենալու Էռնա Յուզբաշյանը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Սիրուշոն, Էմմին, Տիգրան Պետրոսյանը, էստրադայի ու ժողովրդական երգարվեստի նորահայտ կատարողներ, որոնց փառատոնի կազմակերպիչները հատուկ ուշադրություն են հատկացրել` ավելի ճանաչելի դարձնելու համար։ Դեռ 2012-ին նախագծի մշակմանը մասնակցել է նաև Ֆլորա Մարտիրոսյանը, որի հիշատակին համերգ են նվիրելու երգչուհու սաները։ Բոլոր ելույթները նախատեսված են կենդանի կատարմամբ ու նվագակցությամբ։

Փառատոնի կազմակերպիչ Զառա Մխեյանը, բացելով անակնկալների փակագծերը, ասաց, որ համերգներից առաջ հանդիսատեսը մասնակցելու է երգիչ-երգչուհիների հարդարասենյակներում տիրող երթևեկին, իհարկե, ինտերակտիվ։ «Երաժշտության շաբաթը Երևանում» փառատոնի առիթով Հայաստանում է ռուս հանդիսավարուհի  Լերա Կուդրյավցևան, որը նույնպես ներկա էր երեկույթին և հասցրեց նույնիսկ շոյել հայերի ազգային ինքնասիրությունը, լավ խոսքեր շռայլել հայկական գրկաբաց հյուընկալության, փոթորկուն խառնվածքի ու անկեղծության մասին։ Երեկոյան շոուն հատեց կեսգիշերի սահմանը և խոստացավ շարունակվել «Երաժշտության շաբաթը Երևանում» փառատոնի օրերին։

Այս թեմայով