06 Սեպտեմբեր 2013, 13:36
1721 |

Առիթ կա, որ պատճառ արժե

Կոմիտասը համացանցում, Կոմիտասը թանգարանում, Կոմիտասը քո ձայնադարանում և գրադարակում… Ընթացքի մեջ են «Կոմիտասի ընտանիք» կայքի ստեղծման, Կոմիտասի թանգարանի կառուցման աշխատանքները: Ձայնագրվում են կոմիտասյան երգեր և գրվում հանճարեղ երաժշտագետի, բանահավաքի, կոմպոզիտորի մասին պատմող գրքեր: Ներառել այս ամենը քո առօրյայում նշանակում է ամրանալ, որովհետև Կոմիտասը «միայն երաժշտություն չէ, մեր բնաշխարհն է, պատմությունը, հազարամյակների մշակույթը' արտահայտված երաժշտության լեզվով: Մեր հին ոգին է' ձայնային ալիքի տեսքով» (Ա. Շահնազարյան): Կոմիտասն իր մաքուր ձևի մեջ լսելու բացառիկ առիթ ընձեռեց Նարեկացի արվեստի միությունը իր հիմնադրման 9-րդ տարեդարձը տոնելով «Կոմիտասի հետ»: Մինչև սեպտեմբերի 30-ը Նարեկացի միությունում կներկայացվի Կոմիտասի մասին պատմող փաստագրական նյութերի հավաքածուն. նամակներ, գծանկարներ, լուսանկարներ, խազագրեր ու նոտագրեր: Սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին 19:00-ին դասախոսություններ կկարդան Տիգրան Մանսուրյանը, Արթուր Շահնազարյանը, Մհեր Նավոյանը: Իսկ ամսի 8-ին Նարեկացի միությունում և 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչեն Կոմիտասի երգերը բնագրային ճշգրտությամբ, առանց մշակումների' վերհանելով Կոմիտասի թե՛ կոմպոզիտորական ստեղծագործությունները, թե՛ մշակումները:

Այս թեմայով