04 Սեպտեմբեր 2013, 17:42
1376 |

Նոր քառյակ` միայն դասական երկացանկով

Մեր երաժշտական նվագախմբերին ավելացել է ևս մեկը' Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը։ Արամ Ասատրյան' առաջին ջութակ, Սոնա Ազարյան' երկրորդ ջութակ, Արմեն Թորոսյան' ալտ և Վագան Գրիգորյան' թավջութակ. խմբի անդամներից յուրաքանչյուրը միջազգային մրցույթների մրցանակակիր ու դափնեկիր է։ Սոնան արդեն 10 տարի նվագում է Յուրի Բաշմետի ղեկավարած նվագախմբում։ Արամ Ասատրյանին իր մեծ վաստակի ու վարպետության համար մշակույթի նախարարությունը տրամադրել է իտալացի մեծանուն վարպետ Ջոզեֆ Գվարներիի ջութակը։ Նորաստեղծ քառյակի գործունեությունը հաջող է սկսվել։

Երաժիշտ-կատարողների «Ռենեսանս» 5-րդ միջազգային փառատոնին արժանացել է Գրան-պրիի, Կ. Կոստանյանի անվան միջազգային մրցույթին' առաջին մրցանակի։ Նվագախումբը սեպտեմբերից սկսում է ելույթների ու նոր ծրագրերի շարքը։ Հոկտեմբերի 8-ին նախատեսված է մեգաաստղ կիթառահար Արտյոմ Գերվոյեդի հետ համատեղ համերգ, որի ընթացքում կկատարեն դասական գործեր' Բախ, Շուբերտ, Պագանինի։

Հոկտեմբերի վերջին Գաֆէսճեան սրահում Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը հանդես կգա նոր ծրագրով' նվիրված Մայակովսկուն։ Հայ երաժիշտներին արտասահմանյան ուղևորություններ են սպասվում դեպի Փարիզ և Վիեննա։ Համերգային ծրագրերը նվիրված են լինելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Քառյակը շարունակելու է բարեգործական համերգների շարքը հայաստանյան մանկատներում, նախատեսել է նաև վարպետության դասեր պատանի ու երիտասարդ երաժիշտների համար։

Այս թեմայով