20 Օգոստոս 2013, 14:28
2061 |

Ցտեսություն, ամառ ու Բարև, նոր ուսումնական տարի

Ամառը մոտենում է ավարտին: Օգոստոսյան այս օրերին հովեկները գյուղերից վերադառնում են քաղաք, իսկ զբոսաշրջիկները հուշանվերներով բեռնված լքում են Հայաստանը: Համընդհանուր ճամպրուկային տրամադրություններ են: Բացառություն են Թումոյի սաները, երկուսուկես ամիս ամառը նրանց համար ոչ թե հանգստի, այլ սովորելու ու սեփական հմտությունները լավագույն մասնագետների միջոցով կատարելագործելու ժամանակ էր: Ստեղծարար Տեխնոլոգիաների կենտրոնի ոչ պակաս ստեղծարար պատանեկությունն էլ իր հերթին որոշեց հրաժեշտ տալ ամռանը:

Շուրջ 5000 պատանի սաներ ունեցող կենտրոնն իր գերտեխնոլոգիական հարկի տակ հնարավորություն է տալիս հայ պատանիներին կլոր տարին կտրվել դասառատ առօրյայից ու ուսուցումը դարձնել խաղ, բայց ոչ խաղ ու պար: Արդեն երկու տարի է, ինչ այս խաղերին հետևում, խորհուրդներ են տալիս ու աջակցում աշխարհում հայտնի մեդիա մասնագետները:

Թումոյի խաղահրապարակն այս տարվա հունվարին իր արբանյակները սկսեց տարածել Հայաստանով մեկ: Թումո-արբանյակներից առաջինը վայրէջք կատարեց Դիլիջանում, որտեղից էլ սկսվեցին ամռան հրաժեշտի երեկույթների շարքը: Օգոստոսի 14-ին դիլիջանցի թումոցիներին հյուր էին գնացել երևանցի 50-ից ավել պատանիներ, ովքեր իրենց հասակակիցներին ներկայացրեցին Թմբա Թա խմբի կատարումները՝ Բամբիռ խմբի անդամ Արիկի ղեկավարությամբ: Ու համերգասրահում կազմակերպված և ի սկզբանե որպես համերգ նախատեսված երկույթը, պատանիներին հարիր առույգությամբ մի կողմ նետեց ավելորդ պաթոսն ու մի վայրկյանում հանդիսատեսը հայտնվեց բեմի վրա: Թվացյալ լուրջ համերգը վերածվեց իսկական ընկերական երեկույթի:

Դիլիջանյան տպավորություններով բեռնված տղաներն ու աղջիկները հասան Երևան ու դեռ չէին հասցրել սոցցանցերում տարածել նկարները, երբ վրա հասավ օգոստոսի 16-ը: Այդ օրը Հալաբյան փողոցում կայանված տեխնոլոգիական տիեզերանավը բացեց բոլոր դռներն ու վերացրեց բոլոր արգելքները: Շենքի ինտերիերին ծանոթ մարդիկ այդ օրն անակնկալի եկան, երբ աչքի համար արդեն սովորական դարձած հազարավոր համակարգիչներով բեռնված սեղանները դատարկ տեսան: Փոխարենը կենտրոնը լի էր երեխաներով: Պատանիները խաղում էին, նկարվում ու զվարճանում: Կենտրոնում տիրող եռուզեռին հետևելով ակամայից հասկանում ես՝ ինչ նկատի ունի կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազեանը, ով ամեն առիթով շեշտում է, որ Թումոն շենք չէ, Թումոն հենց երեխաներն են:

Ամառային խրախճանքը տեղափոխվեց Թումո Պլազա, որտեղ շենքի երրորդ հարկի պատշգամբից բակ լցվող երաժշտական միքսերը Թումանյանի այգու հարակից տարածքը ակամայից վերածեցին երկրի ամենամեծ պարահրապարակի: Դրան գումարվեց ֆոսֆորե փայտիկների հրավառությունը, որն ավելի շատ ոգևորեց սաներին: Չափազանց բորբոքված կրքերը մեղմելու համար ներկաներին պաղպաղակ առաջարկվեց:

Տժժացող պատանիներին միացավ նաև շենքի տանիքից սավառնող 7 մետրանոց թղթե քանդակը, որն իր թվային անձնագիրը ցուցադրեց շենքի պատին պրոեկցիայի միջոցով: Այնուհետև գույնզգույն օրիգամիների անձրև ու էլի երաժշտություն: Թումո-փարթին միանշանակ հաջողված էր, ամեն ինչ արված՝ նոր ուսումնական տարվա հաջող մեկնարկի համար:

Այս թեմայով