19 Հուլիս 2013, 16:22
1859 |

Ղարաբաղցու աշխարհի ձայները

Սարգիս կամ Սերգեյ Բաղդասարյանի ամենաճանաչված քանդակներից մեկը «Մենք ենք, մեր սարերը» մոնումենտալ հուշարձանն է՝ Արցախի այցեքարտը: Այդ հուշարձանի հետ կապված բազմաթիվ պատմություններ կան, վարպետն ինքն էլ շատ էր սիրում իր այդ աշխատանքը, անգամ կատակում էր, թե այդ հուշարձանը դեռևս ամբողջական գործի պատվանդանն է միայն: Ընդ որում՝ ինքը այդ հուշարձանն անվանել էր «Ղարաբաղցիները» կամ «Մամիկ և բաբիկ» և շատ էր հպարտանում իր արցախյան ծագմամբ: Իր առաջին աշակերտներից մեկը՝ քանդակագործ Տարիել Հակոբյանը մտաբերում է, որ վարպետն ամեն հարմար առիթով բարձրաձայնում էր. «Ես ղարաբաղցի եմ»: «Բայց մի օր ձեռքս ընկավ Սերգեյի անձնագիրը,- պատմում է Տարիելը,- բացեցի, տեսնեմ՝ ծննդավայրը գրված է Թուրքմենստան: Հարցրեցի՝ բա սա ի՞նչ է նշանակում, ասաց. «Կապ չունի, ես ղարաբաղցի եմ»:

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հոգևոր նշանակությունը Զորի Բալայանը, ում դիմաքանդակը նույնպես ցուցադրված է, ժամանակին համեմատել է Պաբլո Պիկասոյի «Խաղաղության աղավնի» աշխատանքի հետ և դժվար թե չափազանցրել է: Բայց ղարաբաղցի ամուսինների հուշարձանը միակը չէ Սարգիս Բաղդասարյանի աշխատանքներից, որ բոլորիս հիշողության մեջ ամուր նստած է: Վարպետի շունչը կարելի է զգալ նաև Երևանում՝ երիտասարդների ժամադրության վայրերի լավագույն տասնյակում իր մշտական տեղը գրաված Ավետիք Իսահակյանի արձանը «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ, Կարապի լճի «ավազանում» հանգրվանած «Մեղեդին», Գյումրիում, Կապանում և շատ այլ քաղաքներում, որտեղ նրա շուրջ 28 աշխատանք է տեղադրված:

Ցուցահանդեսում ներկայացված ավելի քան 50 նախագծերն ու 20 լուսանկարները համառոտ ներկայացնում են վարպետի ստեղծագործության այն լայն շրջանակը, որում տեղ են գտել ինչպես հերոսական թեմաներ, այնպես էլ հայ մեծերի դիմաքանդակներ՝ Սոս Սարգսյան, Ազատ Շերենց, Գրիգոր Խանջյան, Սերգեյ Փարաջանով և շատ ուրիշներ, ում նայելիս թվում է՝ կենդանի մարդու առջև ես կանգնած: Արցախյան ոգեղենությամբ լի «Ղարաբաղյան Նիկեն», «Հաղթանակը», «Շուշին»՝ բոլորը ավանդական ղարաբաղյան կանացի տարազներով: Վարպետն այնքան տոգորված է եղել իր ծագման վեհությամբ ու հպարտացել դրանով, որ անգամ ինքնադիմաքանդակում իր կողքին ղարաբաղյան տարազով կնոջ է պատկերել: «Իմ աշխարհի ձայներն իմ քանդակներում են»,- ասում էր վարպետը: Իսկ ցուցահանդեսում նրա աշխարհի ձայները լսելու համար ուղիղ երկու շաբաթ ունենք:

Այս թեմայով