26 Փետրվար 2013, 19:10
1605 |

Երեխաներն ընդդեմ ապօրինի շինությունների

Փետրվարի 23-ին Հակոբ Պարոնյանի պուրակի հարակից շենքերի բնակիչներն իրենց երեխաների հետ փողոց էին դուրս եկել՝ հատումից փրկելու այգուց մնացած վերջին  15 ծառերը: Դեռևս անցյալ տարի անհայտ կառուցապատողը հիմքից հատել էր 20 երիտասարդ և առողջ ծառեր, անջատել ոռոգման ջուրը, որպեսզի մնացած բույսերը չորանան և ցանկապատել տարածքը: Ակնհայտ է, որ պուրակի լիակատար ոչնչացման և դրա տեղում ինչ-որ հերթական ժամանցային օբյեկտի կառուցման ծրագիրը պետք է իրականացվեր գարնանը: Դրան խոչընդոտեց թաղամասի բնակիչների վճռականությունը՝ բոլոր օրինական ճանապարհներով պաշտպանելու ծառերը, իրենց և իրենց երեխաների շահերը: Նրանք կառուցապատողի դեմ կոլեկտիվ հայց ներկայացրեցին, և մարտի 14-ին գործը պետք է լսվի դատարանում: Այսքանով չեզրափակվեցին, բնակիչները կազմակերպեցին բողոքի ակցիա՝ «Երեխաներն ընդդեմ ապօրինի շինությունների», որի ընթացքում տեղի ունեցավ «Երեխաներ, ծառեր, արև» մանկական նկարների ցուցահանդես: Միջոցառումն այցելելու հրավերներ կանխավ ուղարկվել էին մեծամասնական ցուցակով վարչական շրջանից պատգամավոր պ-ն Արթուր Ստեփանյանին և շրջանի թաղապետարան:

Ակցիան մեկնարկեց 14:00-ին: Երեխաները «թշնամական» ցանկապատի վրա կախեցին իրենց նկարները, իսկ միջոցառման համակարգող Գոհար Հայրապետյանը պատմեց ընթացիկ իրադրության մասին՝ բոլոր ցանկացողներին հրավիրելով մարտի կեսերին կայանալիք դատալսմանը: Մոտ մեկ ժամ անց ժամանեցին նաև իշխանական կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ պ-ն Ստեփանյանը և վարչական շրջանի ղեկավար պ-ն Գևորգ Ղազարյանը:

Ի հեճուկս հավաքված հանրության սպասելիքների՝ թաղապետարանի ներկայացուցիչները շատ արագ ընկալեցին խնդրի էությունը՝ համաձայնելով ակտիվիստների բոլոր փաստարկների հետ: Ավելին՝ նրանք խոստացան վերացնել ցանկապատը, արգելել կոմերցիոն օբյեկտի կառուցումը, տնկել նոր ծառեր և պուրակի տարածքում մանկական խաղահրապարակ կառուցել: Պ-ն Ղազարյանը խոստացավ ցանկապատն ապամոնտաժել հաջորդ օրը, մինչդեռ ոգևորված բնակիչները շատ տեղին նկատեցին, որ կարիք չկա ևս մեկ օր սպասելու, և համատեղ ուժերով 15 րոպեում քանդեցին ցանկապատը: Համաձայն թաղապետարանի խոստումներին՝ կես տարի անց այդ պուրակում կլինեն ճոճանակներ և շատ ավելի մեծ թվով ծառեր, քան հիմա:

Այս թեմայով