02 Հուլիս 2013, 13:14
1825 |

Հավերժացնելով հավերժը

Համաշխարհային հռչակ վայելող արվեստագետներ Վալերի Գերգիևը, Մայա Պլիսեցկայան, Ռոդիոն Շեդրինը, Ալեքսեյ Սիմոնովը, Յուրի Բաշմետը, Ալեքսանդր Թորաձեն, Կոնստանտին Օրբելյանը, Գիյա Կանչելին, Սերգեյ Համբարձումյանը, Տիգրան Մանսուրյանը, Պերճ Զեյթունցյանը, Էդուարդ Թադևոսյանը, Կարեն Դուրգարյանը, Սոս Սարգսյանը և Հովհաննես Չիքիջյանը նամակ-խնդրանքով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին' հորդորելով Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն անվանել հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունով:

Նամակում նշվում է, որ դրանով կհավերժացվի այն մարդու անունը, որը կառուցել է կոմպլեքսը, ինչպես նաև' անվանակոչումը կօգնի արվեստի այս օջախին սկզբնական բնույթն ու ֆունկցիոնալությունը վերադարձնել:

Դիլիջանում կոմպոզիտորների ստեղծագործական տունը կառուցվել է տաղանդավոր կոմպոզիտոր և հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ: Ժամանակին ստեղծագործական տունը հանդիսանում էր միջազգային մշակութային կենտրոն, ուր հանգստանալու և ստեղծագործելու համար գալիս էին Չինգիզ Այտմատովը, Մարսել Մարսոն, Բենջամին Բրիտտենը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Մարտիրոս Սարյանը և այլն, իսկ իր կողմից կառուցված Բետհովենի անվան համերգային դահլիճի ակուստիկան համեմատելի է համաշխարհային համերգային դահլիճների հետ:

Այս թեմայով