01 Հուլիս 2013, 12:13
1452 |

«Փարաջանովը»` Կարլովի Վարիում

«Փարաջանով' գեղեցիկի սիրահարը» ֆիլմն ընդգրկված է հունիսի 28-ից հուլիսի 6-ը Չեխիայում անցկացվող Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Այն կներկայացվի նաև Օդեսայի միջազգային կինոփառատոնում:

Ֆիլմ առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայացվի հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» երևանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում' որպես փակման ֆիլմ: «Փարաջանով' գեղեցիկի սիրահարը» ֆիլմը, ամենայն հավանականությամբ, հայաստանյան կինովարձույթում կհայտնվի սեպտեմբերին:

Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ աշխատանք «Փարաջանովը» պատմում է խորհրդային համակարգի ներսում, բայց դրանից դուրս մտածող ու արարող ռեժիսորի մասին: Մարդ, որն առանց վարանելու ու ամեն պատեհ առիթով հայտարարում էր' «Ես հանճար եմ», և չէր սխալվում: Իր անհաշտ ու էքսցենտրիկ բնավորության պատճառով Փարաջանովը հայտնվեց բանտում, ու դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե նրան չօգներ գեղեցիկի հանդեպ անսահման սերը։

Սերգեյ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարիներն էկրանավորելու գաղափարը ուկրաինացի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Ֆետիսովայինն է: Իսկ Փարաջանովի դերակատարն ու ֆիլմի համառեժիսորը հայտնի ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանն է։ Գործին խառն է կինոաշխարհում հայտնի ևս մեկ հայի մատը' գեղարվեստական ղեկավարն ու կրեատիվ պրոդյուսերը Ռոման Բալայանն է:

Այս թեմայով