21 Հունիս 2013, 18:33
1334 |

Գրան-պրի՝ «Վիդլունյայից»

Մոնոներկայացումների ժանրում մեր դերասաններն արտիստական հետաքրքրիր մոտեցումներ են դրսևորում։ Ազգային ախտանիշ է. հայերս չենք սիրում թիմային աշխատանք, ձգտում ենք անհատական դրսևորման՝ մենակատար, մեներգիչ, մենապարուհի, մոնոներկայացում։ Սիրում ենք ուշադրության կենտրոնում լինել եզակի թվով։
Հունիսի 11-16-ը Կիևում տեղի է ունեցել «Վիդլունյա» թատերական միջազգային 15-րդ փառատոնը, որին մասնակցել էր 8 երկիր։ Գարնանն էլ մեր երկրում անցկացվեց «Արմմոնոն», առիթ՝ հայ դերասաններին հրավիրելու դրսի փառատոներին։ Այդպես էլ եղավ. հայկական 3 ներկայացում մասնակցեց «Վիդլունյային»։ Լարիսա Ղևոնդյանի չեխովյան «Ես եմ ճայը» ներկայացվել է փառատոնի արտամրցութային ծրագրում, որովհետև բեմադրության մեջ բացի դերասանուհուց, գործող այլ անձ էլ կա։ Լարիսա Ղևոնդյանը գոհ է ուկրաինացիների մասնագիտական մոտեցումից. լարված չի եղել, չի մտահոգվել ժյուրիին դուր գալու մասին։ Խաղացել է իր հաճույքի համար՝ ազատ ու անկաշկանդ։

«Վիդլունյային» մասնակցել է նաև ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը՝ «Խոստովանություն» պիեսով։ «Արմմոնո» երևանյան փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նկատում է, որ Ջանիբեկյանին ընդունում ենք՝ որպես տաղանդավոր ու հետաքրքիր արտիստի, բայց առավել կարևոր է, որ նրան նույնկերպ են գնահատել ուկրաինացի հանդիսատեսն ու միջազգային ժյուրին։ Մուրադ Ջանիբեկյանը Կիևից վերադարձել է «Լավագույն տղամարդու դերակատարում» մրցանակով։

«Վիդլունյայից» գրան-պրի ունենք։ Ռոբերտ Հակոբյանն ուկրաինացիներին ներկայացրել է «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» մոնոներկայացումը։ Հայոց ցեղասպանության թեմայով բեմադրությունը հոտնկայս է ընդունվել։ Օտար փառատոները, որպես կանոն, խուսափում են այս ներկայացումից, որովհետև չեն ուզում արծարծվող թեմայի պատճառով ավելորդ գլխացավանքներ ունենալ։ Ուկրաինայի Ռադան պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հարցը։ Կիև մեկնած մեր արտիստները ենթադրում են՝ ուրեմն պաշտոնական Ուկրաինան բացասաբար չի տրամադրված խնդրի նկատմամբ, այլապես ներկայացումը չէր հրավիրի իր փառատոնին, առավել ևս՝ գրան-պրիի չէր արժանացնի։

«Ես եմ ճայը», «Խոստովանություն» և «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» մոնոներկայացումները ստացել են Լիտվայի «Մոնոբալտ» միջազգային փառատոնին մասնակցելու նոր հրավեր։

Այս թեմայով