15 Հունիս 2013, 11:24
1868 |

Ռումինական հաղթանակ` Երևանում

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը հունիսի 14-ին ավարտեց 7-օրյա ստուգատեսը։ Եզրափակիչ փուլ անցած 4 թավջութակահարները, կատարելով Արամ Խաչատրյանի «Թավջութակի կոնցերտը» կամ «Ռապսոդիան», վերջապես թոթափեցին ֆիզիկական ու հոգեբանական լարվածությունը։ Ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը 4 թավջութակահարներին էլ համարեց արժանի հաղթողի տիտղոսին։ Առաջին տեղի մրցանակակրի համար նախատեսված էր 15 000 դոլար պարգև, երկրորդի համար՝ 10 000, երրորդի՝ 5: Մրցույթի օրերին Երևանում էին նաև օտարազգի պատվավոր հյուրեր։

Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը նկատեց, որ մասնակիցները բավականին բարդ ու ծանր ծրագիր են ներկայացրել, անձամբ ինքը եզրափակիչ փուլ անցած 4-ին էլ տաղանդավոր ու հեռանկարային երաժիշտներ է համարում։ Ժյուրիի անդամները մրցույթի օրերին, այսպես ասած, անձեռնմխելի էին. չէր թույլատրվում նրանցից կարծիք հարցնել, չխոսեցին անգամ մրցանակաբաշխությանը։ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ լինելով' Արամ Խաչատրյանի անվան մրցույթի չափանիշները խստացել են, գնահատման կարգը' նույնպես։

Հունիսի 14-ի գալա-համերգը բացեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը' ղեկավարությամբ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի։ Սակայն ի տարբերություն բացման համերգի' հանդիսատեսն այս անգամ անհամբեր ու հուզված էր. ուզում էր րոպե առաջ լսել մրցույթի հաղթողի անունը։ Կազմակերպիչները բարեսրտորեն որոշել էին չխաղալ արվեստասեր հանրության փխրուն նյարդերի հետ։ Նվագախմբի առաջին իսկ կատարումից հետո ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը մրցանակակիրների անունները բաշխեց հանդիսատեսին։ Երրորդ տեղը կիսեցին Գայանե Խաչատրյանը' Հայաստանից, և Ալեքսանդրա Պերլովան' Ռուսաստանից։ Երկրորդ մրցանակին արժանացավ Աննա Մորոզովան' դարձյալ Ռուսաստանից։

Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեյ Իոնիցան է։ Հետևաբար նրան էր վերապահված մրցույթի պաշտոնական նվագախումբ պետական երիտասարդականի հետ փակման հանդիսավոր համերգին ելույթ ունենալու պատիվը։

Անդրեյ Իոնիցան 26 մասնակիցներից ամենակրտսերն է'19 տարեկան։ Դեռ 15 –ում արժանացել է Գերմանիայի և Հունգարիայի միջազգային մրցույթների առաջին մրցանակներին: Տարածաշրջանում միայն Չայկովսկու անվան մրցույթին զիջող երևանյան մրցույթի պատվավոր 1-ինն Անդրեյի համար լուրջ նվաճում է։

Այս թեմայով