06 Հունիս 2013, 13:05
1719 |

Կռվում ենք պարելով

Գաֆէսճեան արվեստների պուրակը, ինչպես միշտ, մարդաշատ էր: Սրճարաններում սրճում էին, ճեմուղիներում' ճեմում, երկնքում սեր էր ու արև: Ամեն ինչ խաղաղ էր, մինչև չհայտնվեց կարճ շրջազգեստով աղջիկը. արյունը խփեց տղաների գլխին, կրքրեը բորբոքվեցին, բախվեցին ու... ու սկսեցին պարել, այն էլ' «Սուսերով պարը»:

Շատերին հանկարծակիի բերած տաքարյուն երիտասարդների վեճն իրականում բեմադրված էր: Թաքնված տեղերից դուրս եկան ֆիլհարմոնիկի երաժիշտները, իսկ կողքի սրճարանից նրանց միացավ մաեստրո Թոփչյանը, և խաչատրյանական տոնը սկսվեց:

Հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առթիվ Emporium.am կայքը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ, AGBU-ի (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) օգնությամբ կազմակերպել էր յուրօրինակ ֆլեշ-մոբ: Նախաձեռնությանը մասնակցում էր ավելի քան 130 մարդ: Իրադարձության ականատեսը դարձան պատահական անցորդները' այդ թվում նաև զբոսաշրջիկներ:

«Ուրախ եմ, որ ամեն ինչ մեր նախագծածով անցավ: Բոլորս սիրում ենք Արամ Խաչատրյանին և նրա ծննդյան օրը լավագույնս օգտագործեցինք՝ մեր սերն արտահայտելու»,-ասաց իրադարձության գլխավոր ռեժիսոր Արփի Մաղաքյանը՝ չմոռանալով նշել միջոցառման բոլոր մասնակիցներին:

Նա նաև պատմեց նկարահանման հրապարակում տեղի ունեցած զավեշտի մասին, որը, ցավոք, չի ֆիքսել վեց տեսախցիկներից և ոչ մեկը. 50-ի մոտ բանից անտեղյակ գեր ոստիկանը զայրացած դեմքով վազել է դեպի կռվող տղաները' որպեսզի բաժանի. ոստիկանին մի կերպ է հաջողվեց հետ պահել, որ չմիջամտի:

Այս թեմայով