05 Հունիս 2013, 16:03
1501 |

Եվրատեսիլյան եռուզեռը շարունակվում է

«Եվրատեսիլյան» եռուզեռը դեռ թարմ է բոլորիս հիշողության մեջ: «Դորիանսի» ելույթն, ու դրա շուրջ ծավալված խոսակցությունները չհասցրեցին հանդարտվել, երբ հայտարարվեց, որ Հայաստանը մասնակցում է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ին»:

Այս մրցույթը թվով 13-րդն է և կրում է «Լet’s Dance» խորագիրը: 2011-ին «Եվրոպական հեռարձակողների միությունը» հայտարարեց «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» -ն անցկացնելու համար հայտերի ընդունման մասին: Մրցույթը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել Հայաստանը, Շվեդիան, Լեհաստանը: Հաղթող ճանաչվեց Լեհաստանի հայտը, ինչի արդյունքում, հունիսի 14-ին կայանալիք մրցույթն արդեն 2-րդ անգամ տեղի կունենա լեհական Գդանսկ քաղաքում:

Այս տարի մրցույթին մասնակցում են 10-ը երկիր: Հաշվի առնելով, որ առ այսօր ելույթների հերթականությունը որոշող վիճակահանությունը տեղի չի ունեցել, դեռ պարզ չէ, թե ո՞ր համարի ներքո կներկայանա Հայաստանը: Սակայն արդեն հաստատ հայտնի է, թե ո՞վ և ի՞նչ համարով է ներկայացնելու Հայաստանը:

Փետրվարի 23-ի կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» նախընտրական փուլի եզրափակչում, Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար պայքարող 11 մասնակիցներից ժյուրին լավագույնը ճանաչեց Պարարվեստի պետական քոլեջի սան 17-ամյա Վահագն Մարգարյանի ելույթը:

Վահագնը Գդանսկում ներկայանալու է «Փակուղի» մենապարով: Բեմադրության հեղինակը՝ Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանն է, իսկ փորձավարը՝ Պարարվեստի Պետական Քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը: Երաժշտությունը, որի ներքո Վահագնը կներկայացնի իր մենապարը, գրել է չեխ մենապարող, համաշխարհային բալետի աստղ Օտտո Բունբենչիկը: Երաժշտությունը հայկական դասական դուդուկի միաձուլումն է ժամանակակից երաժշտության հետ:

Համաձայն մրցույթի կանոնադրության՝ բեմադրությունը չի գերազանցելու մեկ ու կես րոպեն: Մասնակիցները, բացի նախապես բեմադրված մենապարերից, հանդես են գալու նաև տեղի բեմադրիչների հեղինակած խմբակային պարով, իսկ ավարտական փուլին սպասվում է ամենադժվար փորձությունը՝ իմպրովիզի փուլը, որտեղ ժյուրին գնահատելու է մասնակիցների արագ կողմնորոշվելու և զանազան ոճերում հանդես գալու ունակությունները: Հայաստանը ներկայանող պատվիրակությունը Գդանսկ կմեկնի հունիսի 7-ին:

Այս թեմայով