04 Հունիս 2013, 14:36
1361 |

Հայկական դիմագիծը Կաննում

Կաննը համատեղ նախագծեր իրականացնելու, ֆինանսավորում գտնելու լավագույն հնարավորությունն է ռեժիսորների, պրոդյուսերների ու սցենարիստների համար։ Կաննի կինոշուկան նպաստավոր միջավայր է Հայաստանի նման փոքր ֆիլմարտադրություն ու աղքատ կինոբյուջե ունեցող երկրի համար։ Կաննի փառատոնի կինոշուկայում Հայաստանը 5-րդ անգամ է ներկայացել առանձին տաղավարով։ 10-ից ավելի նախագծեր արժանացել են միջազգային կինոկազմակերպությունների հավանությանը։ Հայկական տաղավարում տեղի ունեցան ռեժիսորներ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ», Մարիա Սահակյանի «Ֆլորիստը», Ռուբեն Քոչարի «Իմ անունը Վիոլա է» նախագծերի շնորհանդեսները։ Ազգային կինոկենտրոնի տնօրեն, Կաննի հայկական պատվիրակության ղեկավար Գևորգ Գևորգյանը վստահեցնում է, որ օտարերկրյա կազմակերպությունները, դիստրիբյուտորները հետաքրքրված էին հայկական կինոնախագծերով։ «Թվում է, թե հայկական լավ ֆիլմեր չեն նկարահանվում, չկա հետաքրքրիր կինոմտածողություն, բայց դրսի գնահատականն այլ է։ Օտարերկրացիներին գրավում անհատական դիմագծով, ազգային առանձնահատկություններով, բայց համամարդկային խնդիրներ արծարծող կինոնախագծերը: Սյուժեի բովանդակությունն էական չէ, կարևորը մատուցումն է»,- նկատում է Գևորգ Գևորգյանը։

Մարտին Սկորսեզեի «Համաշխարհային կինոյի հիմնադրամը» Գևորգ Գևորգյանին առաջարկել է վերականգնել Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» ֆիլմը։ Միայն ենթադրել կարելի է, թե «Համաշխարհային կինոյի հիմնադրամն» ինչ գումարներ է նախատեսել նախագծի համար։ Ազգային կինոկենտրոնն արդեն տրամադրել է Փարաջանովի ֆիլմի երկու նեգատիվները՝ և սովետական ժամանակներում գրաքննության ենթարկված նախնական տարբերակը, և Սերգեյ Յուտկևիչի մոնտաժածը։

Քննարկվել է ֆիլմի վերականգնված տարբերակը 2014-ին Կաննի փառատոնին ցուցադրելու առաջարկը։ Ի դեպ, միջազգային այս կառույցը որևէ հեղինակային իրավունք չի պահանջում իր աշխատանքի ու ծախսերի դիմաց։ Միայն մեկ պայման կա՝ ֆիլմի օրինակներից մեկը ներառել սեփական արխիվում։ Իսկ «Սայաթ-Նովայի» յուրաքանչյուր միջազգային ցուցադրության համար «Համաշխարհային կինոյի հիմնադրամը» դարձյալ պետք է թույլտվություն ստանա Հայաստանից։ Ֆիլմի վերականգնված տարբերակը մինչև տարեվերջ պատրաստ կլինի։ Հիմնադրամը հաջորդ տարի վերականգնելու է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերից մեկը։

«Սա պրոֆեսիոնալ, լիարժեք վերականգնում է, ոչ թե այն, ինչ սովոր ենք տեսնել «վերականգնված ֆիլմ» անվան տակ։ Այն, ինչ արեց մասնավոր դարձած «Հայֆիլմը» վերջին տարիներին, ընդամենը թվայնացում էր, ոչ թե ֆիլմերի վերականգնում։ Իրական վերականգնումը օտարերկրյա ընկերություններն են անում՝ բծախնդրորեն ու անթերի»,- կարծում է Գևորգ Գևորգյանը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը պայմանավորվածություն է ձեռք բերել նաև «Ռուսիկո» ընկերության հետ՝ գունավորել «Զինվորն ու փիղը» հայկական ֆիլմը։ Հաջող նախադեպը կա. «Ռուսիկոն» գունավորել է վրացական «Զինվորի հայրը» ֆիլմը։

Այս թեմայով