30 Մայիս 2013, 17:31
1174 |

«Ալվարդի» ծնունդը

Մայիսի 29-ին Հեղինակային իրավունքի ազգային կոմիտեն պաշտոնապես գրանցեց նոր նվագարան. ընտանիքը` քանոնների, սեռը` բաս-քանոն, անունը` «Ալվարդ»։ Այն ազգային նվագարանների ձայնային համակարգին հաղորդելու է թավշե հնչողություն։

Կոմպոզիտոր, գործիքավորող Արա Գևորգյանը, 7-8 տարի առաջ կատարելով 50 քանոնների անսամբլային ձայնագրություն, նկատել է, որ պակասում է բասը։ Նրա համոզմամբ`ազգային նվագարանները մեծապես զգում են բասային հնչյունների կարիքը, ինչն էլ դարձել է նոր նվագարան ստեղծելու դրդապատճառը։ 2012-ին Արա Գևորգյանը  դիմել է նվագարանների վարպետ Ալբերտ Զաքարյանին` պատրաստել բաս-քանոն։ Վարպետն ուսումնասիրել է արֆայի, կոնտրաբասի, թառի, քամանչայի ձայնային առանձնահատկություններն ու դրա հիման վրա 8 ամսում ստեղծել նոր գործիք, անունը դրել«Ալվարդ»` իր հարսի պատվին։ «Ալվարդի» համար վարպետ Ալբերտը զոհել է մի դաշնամուր, Արա Գևորգյանին պատվիրել կոնտրաբասի թանկարժեք լարեր` Վիեննայից ու թխկենու բարձրակարգ փայտ` Սոչիից։ Որպես բաս-քանոն` «Ալվարդն» աշխարհում միակն է։ Ալբերտ Զաքարյանն իր գյուտի բացառիկության մեջ համոզվելու համար ուսումնասիրել է աշխարհում տարածված քանոնի բոլոր տարատեսակները. «Ալվարդը», իսկապես, եզակի է։

Արա Գևորգյանը վստահ է, որ հատկապես մեր տարածաշրջանի երկրները շուտով կհետաքրքրվեն նոր նվագարանով ու անպայման կուզենան բաս-քանոնը կիրառել իրենց անսամբլներում։

«Ալվարդի» լույս աշխարհ գալը նախատեսվում է մեծ շուքով նշել. կոնսերվատորիայի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանի և այլ քանոնահարուհիների մասնակցությամբ կներկայացվի մի համար, այնուհետև նույն ստեղծագործության մեջ կներառվի նաև բաս-քանոնը` ապացուցելու, թե ինչ հնչողություն է ստանում գործը «Ալվարդի» միջամտությամբ։ Բաս-քանոն կարող են նվագել բոլոր քանոնահարները, ուղղակի հարկավոր է ճանաչել գործիքի առանձնահատկությունները։ Արա Գևորգյանը պատրաստվում է համերգային ծրագրերում լայնորեն կիրառել այն, վարպետ Ալբերտին պատվիրել ևս երկուսն ու նվիրել ազգային նվագարանների անսամբլներին։ Հաջորդ բաս-քանոններն ուրիշ անուն կունենան։ Սկզբունքը հետևյալն է. ով պատվիրի գործիքը, նա էլ իրավունք կունենա կնքելու անունը` իր նախընտրած կնոջ պատվին։

Այս թեմայով