30 Մայիս 2013, 13:53
1126 |

«Կարապետի» աստղային ճանապարհը

Տիկնիկային թատրոնների «Աստղային ճանապարհ» առաջին միջազգային փառատոնից Հայաստանը ներկայացնող «Կարապետը» վերադարձել է երկու մրցանակով: Մայիսի 14-18-ը Ուկրաինայի Պոլտավա քաղաքում կայացած փառատոնին «Կարապետ» թատրոնը ներկայացել է Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի տիկնիկային տարբերակով:

Մեր երկիրը ներկայացնող «Կարապետն» արժանացել է «Լավագույն երաժշտական ներկայացում», ինչպես նաև' «Լտավա» հեռուստաընկերության և փառատոնը լուսաբանող լրագրողների կողմից արհեստավարժ տիկնիկավարության համար սահմանված մրցանակներին: Դրական է եղել նաև հանդիսատեսի արձագանքը:

«Աստղային ճանապարհի» կազմակերպիչները ցանկություն են հայտնել մասնակցել Դսեղում անցկացվող «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների ամենամյա միջազգային փառատոնին, իսկ «Կարապետին» հրավիրել են հյուրախաղերի:

«Աստղային ճանապարհ» փառատոնին մասնակցել է աշխարհի 12 երկրի 16 տիկնիկային թատրոն: Փառատոնի խորհրդանիշը աստղազարդ կապույտ ցուլն է:

Տիկնիկային արվեստի միջազգային միության հայկական կենտրոնի' «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ի «Կարապետ» տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1994 թվականին:

Այս թեմայով