24 Մայիս 2013, 16:23
1572 |

Քնելուց առաջ՝ միայն ուրախ հեքիաթներ

Հայտնի ու սիրված հայկական հեքիաթները 15 լեզուներով ոչ միայն տպագիր, այլ նաև աուդիո տարբերակով։ Երեխաներին դեռ մանկուց լեզուներ սովորեցնելու ծրագիրը լեզվաբան Ռիչարդ Գիդաչյանի մտահղացումն է։

Նախագիծն անվանել է «Ուրախ հեքիաթներ քնելուց առաջ», քանի որ Ռիչարդ Գիդաչյանը համոզված է, որ երեխաները քնելուց առաջ պետք է լսեն միայն ուրախ ու բարի ավարտ ունեցող հեքիաթներ։ Այդ սկզբունքին նա հետևում է ամենայն խստությամբ։

Ծրագիրը նոր է սկսվել, առայժմ պատրաստ են միայն Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանն» ու «Սուտասանը»։ Դրանք թարգմանվել են արևմտահայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հունարեն, հնդկերեն, ճապոներեն, չինարեն, կորեերեն ու, անգամ, թուրքերեն ու քրդերեն։

Լեզվաբանը ձայնասկավառակում նաև օրորոցային է ներառել: Բոլոր լեզուներով թողարկված ձայնասկավառակներում էլ այն հայերեն է։ Սա նաև հայկական երաժշտությունը քարոզելու հիանալի միջոց է, գրքերն ու ձայնասկավառակները հետաքրքրում են նախևառաջ զբոսաշրջիկներին։ «Նրանք սիրով այն գնում են իրենց երեխաների համար, հուշանվերների խանութում ավելի շատ է վաճառք լինում, քան գրախանութներում»,- ասում է Ռիչարդ Գիդաչյանը։

Լեզվաբանի ծրագիրը լավագույնս համադրում է հաճելին օգտակարի հետ։ Այդ իսկ առիթով Ռիչարդ Գիդաչյանը մտադրություն ունի շարունակել՝ աշխարհի տարբեր լեզուներով տարածելով հայկական ժողովրդական բոլոր հայտնի հեքիաթները։

Այս թեմայով