24 Մայիս 2013, 13:20
1781 |

Վազել հանուն Երևանի

Երևանյան վազքն այս տարի սկսվում է հունիսի 9-ին: Հենց այս օրը մեծ ու փոքր, անկախ հասարակական դիրքից ու զբաղեցրած պաշտոնից՝ միասին հանդիսավոր վազքի են դուրս գալու:

Երևան Բիզնես Մրցավազքի առաջին անգամ տեղի ունեցավ 2012-ին: Գաղափարը պարզ էր. մրցավազքի նպատակն է տարբեր կազմակերպությունների ու անհատների ուշադրությունը կենտրոնացնել Երևանի խնդիրների վրա, իսկ դրանք նկատելու համար լավագույն տարբերակը քաղաքով մեկ ոտքով, իսկ այս դեպքում՝ վազքով շրջելն է:

Այս տարվա մրցավազքը նախորդներից տարբերվում է, կազմակերպիչները կարևորում են այն, որ 10 կմ-անոց երթուղին, որով պետք է անցնեն երևանյան այս մարաթոնի մասնակիցները, պաշտոնապես չափված է ու հավանություն է ստացել միջազգային մարաթոնների և հեռավազքի ընկերության կողմից, իսկ սա նշանակում է, որ մոտեցել են միջազգային ստանդարտներին: «Հույս ունենք, որ ամենաուշը մինչև 2015 թվականը մեր մրցավազքը մեծ մարաթոնի կվերածվի: Երբ մասնագետները եկան չափագրումներ անելու և վազքի երթուղին առանձնացնելու, նշեցին, որ Երևանը շատ հարմար փողոցներ ունի մրցավազք կազմակերպելու համար», - ասում են կազմակերպիչները:

Երևանյան մրցավազքի երթուղու սկիզբն ու ավարտն անցնում է կենտրոնով: Վազքին մասնակցելու համար միայն ցանկությունը բավարար չէ, պետք է վճարել նաև մասնակցության գումարը, որը կուղղվի բարեգործական նպատակներով: 2012-ին մրցավազքից հավաքված գումարն օգնեց վերականգնել Աջափնյակի այգիներից մեկը: Գումարի այս տարվա հասցեատերը դեռևս որոշված չէ, բայց կազմակերպիչները հավատացնում են՝ իրենց ուշադրության կենտրոնում հատկապես քաղաքի կանաչապատ տարածքներն են. «Փորձում ենք հավաքված գումարը ծառայեցնել քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող այգիներին: Քանի որ գումարի չափը մեծ չէ, չենք կարող նոր այգի ստեղծել, ուստի ուշադրություն ենք դարձնում տարբեր բակերում արդեն գոյություն ունեցող այգիների վերականգնմանը»:

Մրցավազքին մասնակցելու հրավեր ուղարկվել է բոլոր կազմակերպություններին, նախարարություններին: Ու թեև մրցավազքից ստացված գումարն ուղղվում է բնապահպանական նպատակների, այնուամենայնիվ, բնապահպանության նախարարությունը նախորդ տարի չմասնակցեց: Այս տարի նույնպես հրավիրել են, առայժմ բնապահպանները ոչ ընդունել են, ոչ էլ մերժել:

Այս թեմայով