24 Մայիս 2013, 10:26
1148 |

Նվազագույնով՝ արվեստի գործեր

Թատրոն, կինո, քանդակ, գեղանկարչություն, գրաֆիկա ու լուսանկարչություն: Շուրջ 130 աշխատանք'մեկ փառատոնի շրջանակներում: «Արտ-Ֆեստ» երիտասարդական առաջին փառատոնն ամփոփեց արդյունքները։ Մասնագիտական հանձնախմբի անդամները հավատացնում են' խստապահանջ են եղել ու աշխատանքները գնահատելիս առաջնորդվել են բարձր չափանիշներով։

Ամենաթույլը բեմարվեստի աշխատանքներն էին: Հանձնաժողովի գնահատմամբ'«Արտ-Ֆեստի» թատրոնի ոլորտում «ոսկե» մրցանակի արժանի գործ ընդհանրապես չի եղել։ Ժամանակակից դրամատուրգիայի վրա հիմնված միայն մեկ բեմադրություն է ներկայացվել, այն էլ' ակումբային կատակաբանություն։ Մասնագետները դեմ են կենցաղային կամ քաղաքականացված հումորի դրսևորումները բեմ բարձրացնելուն ։ Նրանք ուզում են տեսնել երիտասարդական նոր շունչ, թարմ մոտեցումներ, ասելիքի խորություն՝ մատուցման ինքնատիպ ոճով։

Դրությունն ավելի հուսադրող է կինոյի դաշտում: Կինոռեժիսոր Հայկ Օրդյանի ակնկալիքները, օրինակ, արդարացել են. կինոմտածողության հետաքրքիր էկրանավորումների է ականատես եղել։Նա հատկապես հիացած է գյումրեցի երիտասարդ ռեժիսոր Ջիվան Կոջոյանի «Վազիր արագ, կյանքը կարճ է» 3 րոպեանոց ֆիլմով։ Օրդյանի «ՕրդՖիլմ» ստուդիան Ջիվանին մեկ անվճար ֆիլմ նկարահանելու հնարավորություն կտա։

Հանձնախումբը լուսանկարչական աշխատանքներից առանձնացրել է նաև դեղագործ Անի Սարգսյանի «Մարդկային դաժանություն» կադրը։ Ընդհանրապես, «Արտ-Ֆեստը» հայտնաբերել է այլ մասնագիտությամբ երիտասարդների մշակութային ինքնադրսևորման աննահանջ ձգտումներ։

«Արտ-Ֆեստի» մյուս հայտնությունը մարզաբնակ երիտասարդների ստեղծագործական թռիչքն է եղել' նվազագույն հնարավորություններով՝ արվեստի գործեր: Հատկապես ակտիվ էին Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի երիտասարդները:

 

Այս թեմայով