22 Մայիս 2013, 12:31
1187 |

Գրական գիշերների օրերը Երևանում

Միացյալ Թագավորության գրական գոհարները երեք օր շարունակ կներկայացվեն Երևանի տարբեր անկյուններում ու մետրոպոլիտենի կայարաններում: Արդեն երրորդ տարին անընդմեջ Բրիտանական խորհուրդը միանում է համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը, որի ընթացքում համատեղվում են հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման արտասովոր վայրը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնության շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն երեք օր շարունակ' մայիսի 23-ից 25-ը: Միջոցառումներն անցկացվում են Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում:

Միջոցառումները կմեկնարկեն մայիսի 23-ին ժամը 16.00-ին Հայաստանում ԵՄ կենտրոնում: Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կընթերցեն Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը:

Մայիսի 24-ին ողջ օրը մետրոպոլիտենի կայարաններում կանցկացնի դերասան Արսեն Գրիգորյանը: Նա օրը կսկի Բարեկամություն կայարանում, որտեղ ժամը 13.00-ից 14.00-ը շոտլանդական գրականություն կներկայացնի: Հետո մետրոյով մեկ կանգառ կգնա. 15.00-ից 16.00-ը Մարշալ Բաղրամյան կայարանում կհնչեն Հյուսիսային Իռլանդիայի գրողների ստեղծագործություններ: Եվս մեկ կանգառ, և ժամը 17.00-ից 18.00-ը Երիտասարդական կայարանում Ուելսի գրողների ստեղծագործությունների ժամ է սպասվում: Իսկ անգլիական գրողներին նա կներկայացնի Հանրապետության հրապարակ կայարանում' ժամը 19.00-ից 20.00-ը:

Մայիսի 25-ին ժամը 17.00-ին արդեն Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակում Հյուսիսային պողոտայում Բրիտանական խորհրդի վրանում թեյախմություն և ընթերցանության ժամ կկազմակերպվի:

Այս թեմայով