18 Փետրվար 2013, 12:20
1474 |

«Մարգար պապը»՝ Նյու Յորքի կինոփառատոնի դափնեկիր

Երիտասարդ հայ կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանի կարճամետրաժ ֆիլմը Նյու Յորքում արժանացել է հեղինակային կինոյի միջազգային փառատոնի «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին:

Ֆիլմի սյուժեն կառուցված է սահմանամերձ գյուղի բնակչի սովորական պատմության հիման վրա: Ֆիլմի գլխավոր հերոսը հայտնվում է  տրագիկոմիկ պատմության էպիկենտրոնում՝ իր օրինակով ակնառու ցուցադրելով ռազմա-քաղաքական տարաձայնությունների ազդեցությունը խաղաղ մարդկանց աշխարհայացքի և կյանքի կենցաղային պայմանների վրա:

Մի անգամ առավոտյան արթնանալիս Մարգար պապը հայտնաբերում է, որ իր հողում գտնվող պետքարանը ուրիշ պետության տարածքում է հայտնվել: Ամեն գնով իր սեփականությունը պահպանելու վճռականությամբ լցված, անտեսելով սահմանը հատելու արգելքի մասին սահմանապահների և գյուղապետի անհեթեթ բացատրությունները՝ պապը նախաձեռնում է ինքնուրույն պաշտպանել իր տարածքն ու իրավունքները:

Ֆիլմն արդեն ունի բազմաթիվ միջազգային մրցանակների և դիպլոմնների պատկառելի զինանոց, այդ թվում նաև հաղթանակ Յալթայի XIII Միջազգային հեռուստակինոֆորումում: Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ 2011-ին նկարահանված ֆիլմի սցենարի հեղինակն է Արթուր Մկրտչյանը, գլխավոր դերերում՝ Կարեն Ջանգիրով, Ժորա Դիլանյան, Նարեկ Աղեկյան և այլք: 

 

 

 

 

 

Այս թեմայով