20 Մայիս 2013, 14:26
1765 |

Փախուստ սեմինարից` հանուն Վարդատոնի

Մայիսի 19-ի շոգ կեսօրին մարդիկ, կիրակնօրյա երկար քնից նոր-նոր արթնացած, փորձում են աշխուժացնել Երևանը։ Ռադիոտան շրջակայքում անդորր է, գրեթե շարժ չկա։ Ու հանկարծ լռությունը ճեղքում են զուռնա-դհոլի, թմբուկի ձայները։ Հետո Չարենց-Սայաթ- Նովա խաչմերուկում երևում է տարազներով մարդկանց հսկայական խումբ։ Երգով ու պարով փողոցը բռնած' դանդաղ շարժվում են առաջ. անցորդները հենց փողոցի մեջտեղում ապշահար նայում են տոնական շքերթին։ Միմյանց հարցուփորձ են անում ու անմիջապես գործի դնում բջջայինները։ Այսպիսի արտասովոր տեսարան ամեն օր չես տեսնի։ Դափ ու զուռնայով մարդիկ անցնում են փողոցով։ Օտարազգի հյուրերը հրճվանքի մեջ են. վեր քշտած հոնքերով լսում են բացատրությունները. «Սայաթ-Նովան հայ մեծ աշուղ է։ Կոմպոզիտոր, նաև պոետ։ Նրա ծննդյան տոնն ենք նշում։ Ոչ, նա չկա երգողների խմբի մեջ, 250 տարի առաջ է մահացել։ Ու հիմա նշում ենք Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը»։

Սայաթ-Նովայի հուշակոթողի մոտ էին հավաքվել դպրոցականներ, երաժշտագետներ, երաժիշտներ, մտավորականներ և, իհարկե, մերօրյա աշուղներ' տարազներով, հանդիսավոր կեցվածքով, մուգ կարմիր շրթներկով'մի-մի մուգ կարմիր վարդ ձեռքներին։ Հերթով մոտեցան ու վարդերը խոնարհեցին հուշակոթողին։ Տոնակատարությանը միացան հետաքրքրասեր անցորդներ, ու նույնիսկ աշուղով արդեն հետաքրքրված օտարերկրյա հյուրերը, որոնք հավանաբար փախան իրենց միջազգային սեմինարից։ Աշուղի կիսադեմը նկարելուց հետո մասնակիցները շտապեցին տեղ զբաղեցնել նստարաններին։ Համերգ է լինելու։

Ելույթի խոսքերից նրանք ոչինչ չեն հասկանում, բայց համակ ուշադրությամբ լսում են, ծափ տալիս, խնդրում թարգմանել. «Առաջին անգամ Սայաթ-Նովայի ծննդյան օրը նշվել է 1914-ին, Թբիլիսիում. ավանդույթի սկիզբը դրել են հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, հասարակական գործիչ Նիկոլ Աղբալյանը։ Տոնն անվանել են Վարդատոն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սայաթ-Նովայի ծննդյան տոնը 2013-ի պատմական տարեթվերի ցանկում է ընդգրկել»։ Օտարերկրացիները հիացած են։

Հանկարծ օդը թնդաց դհոլ-զուռնայից։ Հյուրերն անակնկալից վեր թռան, բայց վայրկյաններ անց հայերից առավել ոգևորված սկսեցին ռիթմից դուրս ծափ տալ։ Իրար հաջորդեցին «Սասնա ծռեր», «Ակունք», «Սայաթ-Նովա» անսամբլների ելույթները։ Օտար հյուրերն արևից կարմրատակած՝ ամեն ելույթից հետո գոռում են'good։ Որտեղից որտեղ նրանց կողքին հայտնվեց հայ ուղեկցողը, ինչ-որ բան ասաց սինթետիկ ժպիտով, զայրույթից լայնացած բիբերով բացատրեց, որ նրանք ուշանում են։ Վարդատոնը շարունակվեց առանց նրանց։

Այս թեմայով