20 Մայիս 2013, 13:50
2985 |

Կարմիր խնձոր, կանաչ տանձ

Կարմիր խնձոր՝ ավանդույթ, որի մասին խոսել են, խոսում են և, երևի, դեռ երկար կխոսեն… Հայաստանում, իհարկե: Կարմիր խնձոր բառակապակցությունն արդեն չի ասոցացվում որոշակի գույնի մրգի հետ, այլ ենթադրում է կոնկրետ մտածելակերպ, ապրելակերպ և, եթե շատ պաթոսային արտահայտվենք՝ կյանքի փիլիսոփայություն: Երիտասարդ նկարչուհի Աննա Մարտիրոսյանը' Ատուտա, որոշել է յուրօրինակ անդրադարձ կատարել այս թեմային՝ արտահայտելով իր վերաբերմունքն ու փորձելով փոխանցել ասելիքը: «Վան Գոգ» արտ-կաֆեում բացվեց «Կարմիր խնձոր» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Ատուտայի համանուն շարքի 10 կտավները:

Նկարների գլխավոր դերում կինն ու տղամարդն են, կինը՝ կարմիր խնձորի կերպարով, տղամարդը՝ կանաչ տանձի: Եթե կնոջ պարագայում ասոցիացիան տրամաբանական է, ապա տղամարդու դեպքում' ավելի շատ կամայական, թեև ոչ պակաս ասոցատիվ: «Կարմիր խնձորի ավանդույթը վաղուց արդեն հնացել է: Մարդիկ պետք է հասկանան, որ աղջկա կուսության հարցը վերաբերում է միայն իրեն և զուգընկերոջը: Դա շատ անձնական է, հրապարակելն ու ի ցույց դնելն ուղղակի ծիծաղելի է: Իմ աշխատանքներում նման բացեիբաց տեսարաններով հենց դա եմ փորձել ասել»,- պատմում է երիտասարդ նկարչուհին:

Որքան նկարներում պատկերված տեսարանները բաց և, գուցե, ոմանց համար գռեհիկ են, նույնքան տհաճ է այդ հարցի բարձրաձայնումն ի լուր աշխարհի՝ սա է Ատուտայի ասելիքը: Ցուցահանդեսի բացմանը եկածներիարձագանքը ոչ միանշանակ էր. մի կողմից զարմանք նման համարձակությունից, մյուս կողմից՝ ծաղր ու ծիծաղ:

Պարզաբանելով իր կեղծանունը՝ Աննա Մարտիրոսյանը նշեց, որ փոքր տարիքում, երբ դեռ առաջին բառերն էր թոթովում, իր անունը չէր կարողանում ասել, փոխարենն Ատուտա էր ասում, այդպես էլ անունը մնաց, շատերն են նրան այդպես դիմում»:

Սա Աննայի երկրորդ անհատական ցուցահանդեսն է. առաջինը բացվել էր նախանցյալ տարի «Բյուրոկրատում» : «Անտի-պորտրետ» շարքում տեղ էին գտել մարդկային և կենդանական դիմանկարներ, պարզապես՝ հետույքի կողմից. նրա՝ ծաղրով համեմված նկարները մի կողմից ստիպում են ժպտալ, մյուս կողմից՝ մտածելու տեղիք տալիս:

21-ամյա Ատուտան ուսանող է, ապագա կինոնկարիչ ու բեմանկարիչ, թեև առաջին հերթին հենց գեղանկարիչ է իրեն համարում: Իսկ մտքերն ամեն անգամ այնպես են դասավորվում, որ դրանք մի կտավին հանձնելով բավարարվել չի ստացվում, և մի ամբողջ շարք է ծնվում

Ատուտայի «Կարմիր խնձորը» դեռ մեկ շաբաթ կցուցադրվի արտ-կաֆեում, թեև բացմանը սեղաններին բաժանված տանձ ու խնձորներից ձեզ արդեն դժվար թե հասնի: Ի դեպ, սա ցուցահանդես-վաճառք է, այնպես որ եթե աշխատանքներից որևէ մեկը հավանեք, կարող եք գնել, կախել տան պատից՝ ոչ բազմանշանակ ակնարկելով հյուրերին ավելորդ անգամ չբացել այդ բազմաչարչար ու «տեղ-տեղ բորբոսնած» թեման:

Այս թեմայով