20 Մայիս 2013, 13:35
1409 |

Թումանյանի սառնարանը` օրվա հերոս

Մայիսի 18-ին Թումանյանի տուն-թանգարանը պաշարված ամրոց էր հիշեցնում. աստիճանավանդակներին ու գավթում' թանգարան մտնելու երջանիկ պահին սպասող այցելուների հոծ բազմություն։ Ժամը 21-ին աշխատակիցներն արդեն ընդունել էին 4000-րդ այցելուին' արվեստասեր, հետաքրքրասեր, կամ համընդհանուր հոսքին հետևող, կարևոր չէ։ Թումանյանների օջախում դռները բաց են բոլորի առջև։

Մուտքի մոտ' հասմիկների հսկայական փունջ, ժպտերես աշխատակցուհիներ, որոնք այդ երեկո ներկայացնելու են նախապես պատրաստված տոնական ծրագիրը։
Հեքիաթների կերպավորված հերոսները լուսանկարվում են բոլոր ցանկացողների հետ. ժպիտ…չըխկ…հաջորդը' նորից ժպիտ, չըխկ…ու այսպես հազար անգամ։ Թումանյանցիները թանգարանի աստիճանահարթակին տեղադրել էինծ քաղցր խրճիթ, որտեղ խորհրդանշական գներով վաճառում էին արևելյան քաղցրավենիք։ Նպատակը' հասույթը տրամադրել «Նվիրիր կյանք» հիմնադրամին։ Բոլորը վաճառվեց. արդյունքում' 90 000 դրամ։

Թանգարանի ամառային այգում «Քաջ Նազար» և «Կիկոսի մահը» հեքիաթների անգլերեն ու իտալերեն բեմադրություններն են։ Բայց թանգարանի այցելուներն այլ անկյուն են շտապում։ Փայտե ուղղանկյուն, առաջին հայացքից անսովոր, բայց սովորական մի պահարան հուզել է բոլորին։ Հետքրքրասերների պարանոցներն ավելի են ձգվում' բազմության միջից տեսնելու խաղ-վիկտորինայի «հերոսին»։ Սխալ պատասխանողները մեկիկ-մեկիկ մտնում են խցիկը. նրանց ստիպում են ձեռքերը պարզել ծխի մեջ. դիպչում են սառույցի։ Վախից ու անորոշությունից հետ են քաշում։ Հետաքրքրասերներն ավելի են ոգևորվում' ի՞նչ կա ներսում։ Պարզվում է՝ ընդամենը սառնարան: Արհեստական սառույցների վրա տաք ջուր է լցված' ծուխ առաջացնելու և միջավայրը խորհրդավոր դարձնելու համար։ Սառույցին ստիպողաբար դիպչելը ենթադրում է երբեք չմոռանալ սառնարանի նշանակությունը և այս օրը։ Պահարանակերպ սառնարանը Թումանյանի անձնական իրերից է, այնտեղ պոետը մթերք է պահել։ Սառնարանը ձմռանը կախել է իր տան պատշգամբից, ամռանը դրել նկուղում։

Ինտելեկտուալ ու զվարճալի խաղ-մրցույթներ, ցուցահանդես, վիտուալ Թումանյանի մշտական ներկայություն, երկրորդ հարկում՝ «Կարոտ-բենդի» ելույթը։
Թումանյանի հարկի տակ թանգարանային գիշերն ուղեկցվում է զվարճալի ու իմաստուն խաղերով, յուրաքանչյուր այցելուին ամենայն հայոց բանաստեղծի մասունքներին ու մեծությանը հաղորդակից դարձնելու ձգտումներով։ Կեսգիշերին թանգարանում դեռ այցելուներ կան ու պատշաճ չէ նրանց ժամացույցը ցույց տալ։

Այս թեմայով