12 Մայիս 2013, 17:19
1564 |

Ջազի լեզվով

Մայիսի 12-ին միանգամից երկու համերգ Երևանում. հայտնի ջազ-երաժիշտ Դանիել Կրամերը և Վահագն Հայրապետյանը, ով հանդիսատեսին ավելի հայտնի է Կատուների Վահագ անունով, հանդես կգան համատեղ ծրագրով: Վահագն ու Դանիելը ընկերներ են և կյանքում, և բեմում: Երաժիշտները խոստովանում են, որ բեմում միմյանց ավելի լավ են հասկանում: «Մենք կարող ենք մի շարք անհամաձայնություններ ունենալ հյուրախաղերի ընթացքում, բայց այդ ամենը տեղի է ունենում բեմի սահմաններից դուրս: Հենց համերգը սկսվում է, բոլոր տարակարծությունները անհետանում են: Բեմում անձնական հարաբերություններ գոյություն ունենալ չեն կարող, հենց դրանք հայտնվում են, ամեն ինչ փչանում է», - համոզված է Վահագն Հայրապետյանը:

Երաժիշտները ժամը 19:00-ից սկսած շունչ քաշելու վարկյան չեն ունենալու՝ սկզբից կնվագեն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, հետո կշտապեն Մեցցո ջազ-ակումբ` երաժշտական երեկոն այնտեղ շարունակելու: Համերգասրահում կկայանա նաև երկու ջազ-երաժիշտների համատեղ ձայնասկավառակի շնորհանդեսը: Որոշ ժամանակ առաջ Եկատերինբուրգում համերգն այնքան հաջող  ստացվեց, որ վերածվեց CD-ի: Թեև ժամանակակից աշխարհում ձայնասկավառակ թողարկելը երաժիշտների համար դժվար հաղթահարելի փորձություն է, բայց Դանիել Կրամերն ունի դիսկոգրաֆիայի մեծ ցուցակ: Երաժշիտը դա անհրաժեշտություն է համարում, քանի որ ինտերնետային վաճառքից զատ կան սովորություններ, որոնք մարդկանց կյանքից երբեք չեն վերանա: «Շատ մարդկանց ավելի հաճելի է ձեռքում պահել տպագիր գիրք, բայց նրանք միևնույնն է ipad-ով են ման գալիս, որովհետև այդպես ավելի հարմար է, ipad-ում կարող ես միանգամից  200 գիրք պահել: Բայց միևնունն է գալիս ես տուն, տեղավորվում բազկաթոռի մեջ ու ձեռքդ անում հենց  տպագիր գիրքը: Նույնն էլ տեղի է ունենում ձայնասկավառակների հետ», - ասում է Կրամերը: Խնդիրն այն է, ոչ լիցենզավորված CD-ները բավականին թանկ արժեն, ձայնագրման ստուդիաները մեծ գումարներ են սահմանել երաժիշտների համար, ինչն էլ  բարձրացնում է ձայնասկավառակի գինը` ջուր լցնելով ծովահենների ջրաղացին:  «Ես համաձայն եմ ավելի քիչ գումար ստանալ ընկերություններից իմ հեղինակային երաժշտության համար, միայն թե ծովահենային անորակ ձայնասկավառակների թիվը չշատանա», - բացատրում է ջազ երաժիշտը:

Կրամերի հայրենիք Ռուսաստանում ձայնասկավառակի շնորհանդես դեռ չի նախատեսվում: Ջազմենը բավականին խիտ գրաֆիկ ունի ու չգիտի` կհասցնի նոր նախագծեր իրականացնել, թե ոչ: Ջազ երաժշտության տարածման ու մասայականացման հարցում իր լուման արդեն ներդրել է հեռուստահաղորդում վարելով: Խոստովանում է, որ նման ծրագրերը կարճ կյանք ունեն: «Չնայած նման հաղորդումները պարտադիր են, բայց այսօրվա հեռուստատեսությունը շեշտադրում է ռեյթինգը, իսկ ջազ ու ռեյթինգ բառերը կողք-կողքի լինել չեն կարող», - ասում է Կրամերը:

Հայկական հեռուստատեսությունում ջազի մասին պատմող, ջազ սովորեցնող հաղորդումներ դեռևս գոյություն չունեն, ու ջազի սիրահարներին մնում է գոհանալ  կենդանի համերգներով, որոնք, ի դեպ, հաճախ են կազմակերպվում Երևանի փոքրիկ, բայց բոլորին հայտնի ջազ-ակումբներում:

Այս թեմայով