08 Մայիս 2013, 18:34
1789 |

«Օղակը» օղակելու վրեժը

1991-ի մայիսի առաջին շաբաթն արցախյան ազատագրական պատերազմում ծանր կորուստների, անկումների շրջան է եղել։ Չարաբաստիկ «Օղակ» գործողությունը, որ ձեռնարկել էին ԽՍՀՄ ներքին զորքերն ու Ադրբեջանական ՆԳՆ ՕՄՕՆ-ը, մշակվել էր ցեղասպանություն իրականացնելու նպատակով ։ «Փառապանծ մարտիկներ» ՀԿ նախագահ, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը Դաշտային Ղարաբաղի անկման մասին պատմում է. «Հայաստանի իշխանությունները կամավորական ջոկատներին հրամայել էին հետ քաշվել դեպի գյուղերը, ռազմական ոչ մի գործողություն չձեռնարկել ու Շահումյան-Գետաշեն տարածքում թողնել միայն սովետական միլիցիայի մեր տղաներին։ «Օղակ» գործողությունից ամենաշատը հենց նրանք և խաղաղ բնակչությունը տուժեցին։ Միլիցիայի 16 աշխատակից զոհվեց, 15-ն անհետ կորավ, նրանց հետ նահատակվեցին ու գերեվարվեցին տասնյակ արցախցիներ։ Գերիները 100 օր կտտանքների են ենթարկել տարբեր բանտերում, իսկ երբ համաձայնության ձեռք բերվեց վերադարձնել նրանց, մեծ մասին տանջամահ էին արել, մյուսներն էլ կիսամեռ ու անդամալույծ էին»։

Փաստորեն, ադրբեջանցիները, հանցավոր համաձայնության գալով ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահՄիխայիլ Գորբաչովի հետ, իրականացրել են անթույլատրելի, միջազգային չափանիշներով պատժելի գործողություններ։

Խնդրով հետաքրքրված ՀԿ-ն ու զինվորականները փաստաթղթեր են հավաքել, որոնց հիաման վրա դիմում-բողոք է կազմվել' պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ 2013-ի ապրիլի 14-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովն ամեն ինչ պատմել է' ջրի երես հանելով նաև Գորբաչովի հետ հանցավոր համաձայնության փաստը։ Այդ վկայություններն ու փաստաթղթերը «Փառապանծ մարտիկներ» ՀԿ-ն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարությանը, ԱԺ-ին, ԱԱԽՔ-ին ու մարդու իրավունքների պաշտպանին։ Նպատակը մեկն է' ոչ թե ՀԿ-ների, այլ պետական մակարդակով միջազգային ատյաններում' Հաագայի դատարանում, բարձրացնել «Օղակ» գործողությունն իրականացնողներին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Զավեշտալի է, որ «Օղակ» գործողությունն իրականացրած, հայաթափում ու պատերազմական իրադրություն հրահրող Միխայիլ Գորբաչովին 1990-ին շնորհվել է Նոբելյան մրցանակ։ Խնդիրը միջազգային իրավունքի հարթակ տեղափոխել ձգտող զինվորական գործիչները մտադիր են դիմել նաև Նոբելյան մրցանակներ շնորհող հանձնաժողովին' անվավեր ճանաչել Գորբաչովի հեղինակավոր պարգևը և վերանայել նրա «խաղաղասիրական» նկրտումները, որոնց համար էլ սովետական պաշտոնյան Նոբելյան է ստացել։

Ազատամարտիկների խնդիրներով հետաքրքրված ՀԿ-ները դեռևս 5 տարի առաջ ՀՀ ԱԺ-ին են ներկայացրել օրենսդրական մի նախագիծ, որը կոչված է լինելու պաշտպանել ազատամարտիկների շահերը' անվճար բուժզննում ու բուժօգնություն, բնակարանների տրամադրում, մի շարք լիազորություններ ու արտոնություններ։ Սակայն 5 տարվա ընթացքում և ոչ մի անգամ առաջարկը քննարկման չի դրվել։ Գնդապետ Գրիշա Սարգսյանն ամոթալի ու անպատվաբեր է համարում շատ ազատամարտիկների սոցիալ-կենցաղային կացությունը։ Նրանք Շուշի են ազատագրել, մահն աչքների առաջ' կռվել սովետական ու ադրբեջանական կանոնավոր բանակի, հյուսիսային արնախում վարձկանների դեմ. 4 մարտիկից միայն մեկն է հրացան ունեցել, նրանց ամենահզոր զենքը կարկտաբեր ամպերը ցրող «գրադ» կոչվող սարքն է եղել։ Ու չնայած այս ամենին' մարտիկներն Արցախ են ազատագրել, ձեռնարկել Նախիջևանի ազատագրումը, որը գրեթե իրականացած երազանք էր, պատրաստ են եղել հաշված օրերի ընթացքում հետ վերցնել Դաշտային Արցախը, հասնել Մարագայի ու Ղարսի կամուրջներ։

Հ.Գ.
1991-ի մարտերի ժամանակ ադրբեջանցիների հետ հայերի դեմ կռվել են նաև արաբներ, թաթարներ, մոջայեթներ։ Մի մոջայեթի ծոցագրպանից մեր մարտիկները թղթի կտոր են հանել, վրան գրված'«Հաղթիր, մոջայեթ, և դու Զանգեզուրի թագավորը կլինես»։
Չեչնիայի դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իրենց նպատակը Կովկասում իսլամական հզոր ու մեծ պետություն ստեղծելն է: Ավելացրել է, որ այդ երազանքը վաղուց իրականացրած կլինեին, եթե այդ տարածքում չգտնվեր Հայաստանը։ «Հայերը կատաղի կռվողներ են, նրանց հաղթել չի լինի, վտանգավոր ու անիմաստ է հայերի դեմ ելնելը»,- ավարտել է չեչեն զինվորականը։

Այս թեմայով