15 Փետրվար 2013, 18:14
1700 |

Հեթանոսությունից` քրիստոնեություն, քրիստոնեությունից` էքստրի՞մ

Փետրվարի 13-ին Սիրահարների զբոսայգում հավաքված երիտասարդներից քչերն էին տեղյակ, որ այստեղ ու հիմա կրակի վրայով թռչելով` իրենք մաքրագործվում են: Շատերին ավելի գրավում էր վառված խարույկը, որի վրայով թռչելը նրանց համար իսկական էքստրիմ էր: ”Տղա ջան, թող մի քիչ կրակը նստի, ուզում ես վառվե՞լ”, - խրատական ձայնով ասաց հավաքվածներից մեկը, սակայն 20-ամյա Հենզելն արդեն հասցրել էր ցատկել կրակի վրայով:

Դեպի կրակն ընթացողների շարքերում էր նաև 22-ամյա Պավելը, ով քիչ թե շատ ծանոթ էր տոնի խորհրդին ու անպայման ուզում էր, որ կրակն իրեն դիպչի, որպեսզի այս տարի ամուսնանա: ”Հուսով եմ, կրակը կայրի շորիցս մի հատված, ինչը կնշանակի, որ այս տարի ի վերջո կամուսնանամ”, - խոստովանեց սիրատոչոր երիտասարդը:

Հավաքվածների շարքերում կային նաև արտասահմանցիներ, որոնց համար կրակի վրայով թռչող մարդկանց տեսարանը արտասովոր, միևնույն ժամանակ հիանալի կադր էր, չորս կողմից “չխկ-չխկ” ֆոտոխցիկի ձայներ էին գալիս: Ալվարո Կլարյանը Չիլիից էր, լատինաամերիկացու արտաքինով երիտասարդն ասաց, որ այս տոնի մասին գիտի հետևյալը`”Կրակը խորհրդանշում է հաջողություն ու առատություն: Հայերն ամեն տարի թռչում են դրա վրայով, որ լինեն առողջ ու հաջողակ:

Օտարերկրացիներին հատկապես գրավեց “Խարույկավառությանը” մասնակից փոքրամարմին մի կին` Անահիտ Մարտիրոսյանը: Նա ազգային երգեր էր երգում, քրմուհու պես աղոթում ու իր շուրջը հավաքված երիտասարդներին հղում բարեմաղթանքներ:

Միջոցառման կազմակերպիչ Նաիրա Բաբայանն ասաց, որ արդեն հինգերորդ տարին է՝ Սիրահարների զբոսայգում խարույկ են վառում և տոնում Տրնդեզը: Ճրագը բերվում է եկեղեցուց: Խարույկավառության նպատակը մեկն է` բոլոր սիրահարներին և պարզապես մարդկանց հավաքել մեկ վայրում՝ միասին տոնը նշելու: 

Այս թեմայով