01 Մայիս 2013, 09:59
1423 |

․․․ որ Երևանում հույսեր երևան

Մայրաքաղաքի ճարտարապետական խեղված նկարագիրը, երևանյան անհրապույր մթնոլորտը ապագայի աղոտ հեռանկար  է ընդգծում անհանգստացած մտավորականների համար: Նրանք ոչ միայն ապրել ու ապրում են Երևանում, այլ նաև ներշնչվում նրանով. Երևանն ու երևանցին կոլորիտ են, առանձին մշակույթ: Համենայն դեպս, այդպես եղել է մինչև այժմ: Անտարբեր լինել նրանք չեն կարող, կենսագրություն ունեն՝ շարադրված հենց այս քաղաքում: 

 

Այսօրվա Երևանը վերքի պես մռմռում է մտավորականների ու արվեստագետների սրտում. անհանգստության այս ալիքը որտեղի՞ց է սկսվում և ինչո՞ւ չի նահանջում:

Սաշուր Քալաշյան - Ցեղասպանություն ու գաղթ տեսած հայ մարդը Երևանի սրտում կառուցեց Օպերայի թատրոնի շենքը, հաշված տարիների ընթացքում մի ամբողջ քաղաք ոտքի կանգնեցրեց, որովհետև քաջ գիտեր՝ մշակույթն է վերջին հանգրվանը: Մշակույթով է պայմանավորված ազգի ու պետության նկարագիրը: Ճարտարապետը շենք է նախագծում, կոմպոզիտորը երգ գրում, գեղանկարիչը կտավներ վրձնում՝ կարծում եք՝ հենց այնպե՞ս, ուղղակի որովհետև ստեղծագործող մարդ է ու իր գո՞րծն է անում: Ո՛չ, ստեղծագործելով նա իր սերն ու նվիրումը, գնահատականն ու գոհունակությունն է հայտնում նախևառաջ իր ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ:

Նիկոլ Աղաբաբյան - Հայաստանը Երևանն է: Երևանից դուրս Հայաստան չկա, թշվառություն է, թեև Երևանի փայլն էլ արտաքուստ է, իրականում մեր քաղաքը խնդիրների ծով է: Երևանը պետություն է՝ պետության մեջ: Ինձ շատ է մտահոգում արտագաղթը. ո՞ւմ ենք թողնում Երևանը, մեր թշնամու ծրագի՞րն ենք իրականացնում. Հայաստան՝ առանց հայերի: Մի կողմից՝ արտագաղթ, մյուս կողմից՝ բազմաթիվ շենքեր են կառուցվում, ո՞ւմ համար, օտարների՞: Մենք 1988-ի երևանցիներն ենք, նույն մարդիկ, ի՞նչ փոխվեց հանկարծ: Եթե չսթափվենք ու չգործենք ճիշտ հայորդիների նման, կկործանենք մեզ էլ, մեր քաղաքան  ու երկիրն էլ: Մի բան հաստատ է՝ մեզ հաղթել չի լինի, ով ուզում է լինի մեր թշնամին՝ ներսի, թե դրսի:

Արտավազդ Բայաթյան - Բոլոր երկրներում էլ իշխանությունները սպասարկում են հարուստ խավին: Ստորին խավի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ հարուստ խավի հարստությունը վտանգված է: Մենք գոհունակություն ենք հայտնում, երբ բակերն են կանաչապատվում ու բարեկարգվում, բայց չէ՞որ քաղաքային իշխանությունները հենց դրա համար են: Անկեղծ ասած, երբեք էլ ակնկալիքներս մեր իշխանություներից մեծ չեն եղել: Նրանց նկատմամբ վերաբերմունքս հետևյալն է. հայրենիք կորցրած, դեգերած ծնողների զավակներ են, հետևաբար, դեռ իրենք էլ իրենց հայրենիքի տերը չեն զգում: Պետք է սերունդներ փոխվեն, զտվեն. պետք է ազատվենք հայրենիք կորցրածի, այս ու այն կողմ փախչողի հոգեբանությունից, որպեսզի կարողանանք այս հողը մերը համարել ու այն ճիշտ ղեկավարել:

 

Չնայած ցավոտ խնդիրներին, այնուամենայնիվ, Երևանը Ձեզ ստեղծագործական ներշնչանք հաղորդո՞ւմ է:

Սաշուր Քալաշյան - Եթե ես դառնացած եմ խոսում, դեռ չի նշանակում, որ դադարել եմ սիրել Երևանը կամ թերագնահատում եմ նրա նշանակությունը: Բնա՛վ, հենց շատ սիրելուց եմ մերժում Երևանի նկատմամբ ոտնձգությունները: Ուզում եմ պաշտպանել, զերծ պահել մեր քաղաքը ճարտարապետական անճաշակություններից, անօրինություններից ու անարդարությունից: Ստեղծագործել Երևանում ու Երևանի համար միշտ եմ ուզում: Հաճախ եմ օլիգարխներից նոր շինությունների նախագծման պատվերներ ստանում: Մերժում եմ, որովհետև ակնհայտ է, որ նրանց առաջարկները ճարտարապետական յուրօրինակ լուծումների, մշակութային արժեքների հետ բացարձակ կապ չունեն, նրանց ուզածը քառակուսի մետրերն են:

Նիկոլ Աղաբաբյան - Մի անգամ ինձ պատվիրեցին երևանկյան պատկերներ նկարել: Քաղաքով մեկ ման եկա, փնտրեցի, ոչ  մի հետքարքիր, յուրօրինակ տեսարան չգտա: Գնացի Թբիլիսի, այնտեղ նկարեցի հայկական տեսարաններ՝ հայկական Թբիլիսիի շարք արեցի: Այնտեղ պահպանվում է մեր ճարտարապետության  ձեռագիրը, հայկական հին շինությունների հմայքը կարող ես վայելել Թբիլիսիում, բայց ոչ արդեն Երևանում:

Արտավազդ Բայաթյան - Երևանին նվիրված շատ երգեր ունեմ: Եթե այսօր նոր գործեր չեմ գրում, չի նշանակում, որ Երևանով տարված չեմ: Եթե կանգնում եմ բեմին ու երգում, կարևոր չէ՝ Երևանի մասին, թե մեկ այլ թեմայով, երգի առաջին իսկ բառը Երևանին է նվիրված, որովհետև այս քաղաքում ես ապրում:

 

Մեր մտավորականների ու արվեստագետների հոգիներն են վիրավորված: Վիրավորված են, որ հայ ժողովրդին անվանում են ընտրազանգված, որ երևանցուն օտարում են Երևանից: Նրանք բոլորիս հորդորում են՝ քաղաքի մթնոլորտը փոխելու առաջին քայլը սկսել սեփական անձից:

Այս թեմայով